Այս տարի հունվար ամսվա ընթացքում Վրաստան այցելած օտարերկրացիների թիվը անցել է 444.2 հազարը, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 14.8 %-ով ավել է: Այս մասին հրավիրած ասուլիսում հայտարարել է Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալության ղեկավար Գիորգի Ճողովաձեն:
Հունվարին այն զբոսաշրջիկների թիվը, ովքեր Վրաստանում գտնվել են 24 ժամ և ավել, հասել է 189.5 հազարի, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 23 %-ով:
2018թ․-ի առաջին ամսվա ընթացքում առավել հաճախ Վրաստան են այցելել Ադրբեջանի քաղաքացիները (+0,8%): Առաջին հնգյակում են նաեւ Թուրքիայի (+20,1%), Հայաստանի (+20,9%), Ռուսաստանի (+14,6%) եւ Իրանի (+92,4%) քաղաքացիները:
Ճողովաձեի խոսքով, դրական միտումը պահպանվում է նաեւ ԵՄ երկրների քաղաքացիների շրջանում: ԵՄ երկրներից առաջին տեղում են Չեխիայի, Լատվիայի, Մեծ Բրիտանիայի, Հոլանդիայի եւ Լատվիայի քաղաքացիները:
Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալությունում համարում են, որ 2017թ․-ին երկիր այցելած արտասահմանցիների թիվը աննախադեպ էր՝ 7,5 մլն մարդ: Նշանակալիորեն աճել է տուրիզմից ստացված եկամուտը։ Նախնական տվյալներով այն կազմում է 2,7 մլրդ դոլար: