Երևանում արդեն երկրորդ կառույցը նախնական համաձայնությունից հետո չեղարկել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Գրքի թարգմանիչը արդեն վստահ է՝ շնորհանդեսից հրաժարվում են քաղաքական պատճառներով։
Բազմաթիվ քննարկումների առարկա դարձած գրքի թարգմանության շնորհանդեսը նախատեսվում էր անցկացնել փետրվարի 7-ին, նախ՝ Չարենցի տուն-թանգարանում, որի տնօրինությունը նախնական պայմանավորվածությունից կարճ ժամանակ անց չեղարկել էր այն, այնուհետև պայմանավորվածություն էր ձեռք բերվել Երևանի ամենամեծ գրախանութներից մեկում՝ «Նոյյան տապան»-ում անցկացնել շնորհանդեսը, սակայն այսօր հայտնի է դարձել, որ այնտեղ էլ են չեղարկել միջոցառումը։
Գրքի թարգմանիչ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև․
«Չարենցի տուն-թանգարանում շնորհանդեսի չեղարկումից հետո, տարբեր ոչ առևտրային գործունեությամբ զբաղվող սուբյեկտներից ստացել եմ շնորհանդեսի կազմակերպման տարածքի առաջարկներ։ Սակայն, հաշվի առնելով, որ տվյալ տարածքներում հնարավոր չէր իրականացնել գրքերի օրինական վաճառք՝ չեմ կարողացել օգտվել այդ առաջարկներից։
Հունվարի 29-ին «Նոյյան տապան» գրախանութի ներկայացուցչի հետ, տնօրենի իմացությամբ և համաձայնությամբ, ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ շնորհանդեսը գրախանութի միջոցառումների սրահում կազմակերպելու կապակցությամբ։ Հունվարի 31-ին փոխանցել եմ իմ անձնագրային տվյալները՝ պայմանագիրը ստորագրման նախապատրաստելու համար։ Այսօր՝ փետրվարի 1-ին, «Նոյյան տապան» գրախանութի ներկայացուցչի կողմից ծանուցվել եմ, որ տնօրենը կտրուկ հրաժարվել է շնորհանդեսն իրենց մոտ կազմակերպելուց և, նույնիսկ, հետագայում գրքերն իրենց գրախանութում վաճառելուց՝ պարզաբանելով, որ խնդիրներ չի ուզում ունենալ։ Այս առիթով որևէ այլ մանրամասնություն ինձ հայտնի չէ։
Իմ՝ մինչ այս պահը տված հարցազրույցներում նշել եմ, որ դեպքերի հետագա ընթացքը ցույց կտա՝ արդյո՞ք Չարենցի տուն-թանգարանի միջադեպը ճնշումների արդյունք էր, թե՝ ոչ։ Այժմ միանշանակ պնդում եմ, որ այս երկու հայտնի, և բազմաթիվ չհրապարակված մերժումները հետևանք են քաղաքական ճնշումների և ուղղված են գրքի բովանդակության տարածման դեմ։ Սա բացահայտ և ուղիղ գրաքննություն է։
Անկախ ներկա պայմաններից և ստեղծված իրավիճակից, ես իմ համերաշխությունն եմ հայտնում Եղիշե Չարենցի տուն-թանգարանի և «Նոյյան տապան» գրախանութի աշխատանքային անձնակազմերին, բոլոր այն քաղաքացիներին, որոնք այս կամ այլ հատնի ու անհայտ դեպքերում տուժել են Հայաստանի Հանրապետությունում հռչակված խոսքի, մտքի, տեղեկատվություն տարածելու և ստանալու, տնտեսական գործունեությամբ զբաղվելու և սահմանադրական այլ ազատությունների դեմ ուղղված ոտնձգություններից։
Հայցում եմ ձեր ներողամտությունը ստեղծված իրավիճակի համար։
Կազմակերպչական հետագա գործունեության բերումով ստիպված եմ լինելու սահմանափակել հաղորդակցվելուն տրամադրելիք ժամանակս, ինչի համար ևս ներողություն եմ խնդրում ընկերներիցս և լրագրողներից»,- գրել է Նահապետյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանում սա առաջին դեպքը չէ, երբ մշակութային միջոցառումը նախնական պայմանավորվածությունից հետո չեղարկվում է։ Ամիսներ առաջ մշակույթի նախարարությունն արգելել էր Հովհաննես Թումանյանի թանգարանի բակում ստալինյան ռեպրեսիաների զոհերին նվիրված «Խոնարհում» ցուցահանդեսը։