Վրաստանում վատ եղանակային պայմանների պատճառով որոշ ճանապարհներ սահմանափակումներով են գործում: Այս մասին հայտնում է Վրաստանի Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը:
Առատ ձյան և մերկասառույցի պատճառով Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե միջազգային նշանակության ճանապարհի 138-ից 158 կմ հատվածում արգելվում է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Մնացած բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկություն ազատ է:
Առատ ձյան պատճառով սահմանափակումներով է գործում նաև միջազգային նշանակության մեկ այլ՝ Խաշուրի-Ախալցիխե-Վալե (Թուրքիայի սահման) ճանապարհի Բորջոմի-Վալե հատվածը: Այնտեղ արգելվում է կցորդով, կիսակցորդով և ավելի քան 30 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Հաշվի առնելով եղանակային բարդ պայմանները, ճանապարհային վարչությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, չհանդուրժել մեքենայի անսարքությունն ու ենթարկվել ճանապարհային երթևեկության կանոններին: