Թբիլիսիի մետրոյի «Վարկեթիլի» կայարանում առաստաղի փլուզման գործով հարցաքննությունն այսօր ևս կշարունակվի: Իրավապահները, հավանաբար, կրկին հարցաքննության կկանչեն կայարանում վերջերս նորոգման աշխատանքներ իրականացրած «Կվարելրեմմշենի»-ի հիմնադիր Գիորգի Ջոխարիձեին, ով երեկ մոտ հինգ ժամ հարցաքննվում էր:
Երեկ ոստիկանական բաժանմունքից դուրս գալուց հետո Գիորգի Ջոխարիձեն ասել էր, թե հենց քաղաքապետարանն է հրամայել նոր առաստաղը կառուցել հին կարկասի վրա, ինչը և հանգեցրել է առաստաղի փլուզմանը:
Ջոխարիձեն խոսել է նաև այն անձանց մեղավորության մասին, ովքեր ուսումնասիրել են հին կառույցը և հաստատել նրա վրա նորի կառուցման թույլտվությունը:
Նշենք նաև, որ այսօր առավոտյան ժամերին չեն աշխատել «Վարկեթիլի», «Սամգորի», «Իսանի» և «300 արագվելի» կայարանները:
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան Թբիլիսիի մետրոպոլիտենի «Վարկեթիլի» կայարանում տեղի էր ունեցել փլուզում, որի հետևանքով տուժել է 14 անձ։