«Վրաստանը նախկինի պես պատրաստ է զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ առևտրի և զբոսաշրջության, ինչպես նաև հումանիտար և մշակութային ոլորտներում», — այս մասին Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին։
Վարչապետը կարևորել է նման ոլորտներում Ռուսաստանի հետ համագործակցության եզրեր գտնելը, որոնք կարող են դառնալ հարաբերությունների կարգավորման հիմք։
Նշենք, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները 2008 թ. օգոստոսից ընդհատվել են Թբիլիսիի որոշմամբ, ի պատասխան Մոսկվայի՝ Աբխազիայի և Ցխինվալիի (Հարավային Օսիա) անկախության ճանաչման:
«Այսօր ռուսական շուկան բաց է Վրաստանի համար, բայց այն միակ կամ գերիշխող շուկան չէ, քանի որ արտահանումը երկրից դիվերսիֆիկացվել է»,-ասել է վարչապետը:
Նշենք նաև, որ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում այսօր Ռուսաստանի և Վրաստանի միջև երկխոսությունն իրականացվում է Ժնևի քննարկումների և Պրահայում՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ-ի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումների շրջանակներում: