Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է ևս մեկ ձերբակալության մասին: Վրաստանի քաղաքացի Անատոլի Բերձենիշվիլին մեղադրվում է ահաբեկիչ Ահմեդ Չատաևի հետ կապ ունենալու մեջ:
Հիշեցնենք՝ Չատաևը իրեն պայթեցրեց նախորդ տարվա նոյեմբերի 22-ին՝ Թբիլիսիում վրաց իրավապահների կողմից անցկացվող ահաբեկչական հատուկ գործունեության ընթացքում: Նրա համախոհներից երկուսը սպանվեցին, երրորդը ձերբակալվել էր հատուկ գործողությունից մեկ օր առաջ: Ըստ Վրաստանի ՊԱԾ-ի՝ Չատաևն ու նրա զինակիցները ահաբեկչական գործողություններ էին ծրագրել Վրաստանի և Թուրքիայի դիվանագիտական առաքելությունների դեմ:
Ավելի ուշ՝ դեկտեմբերի 26-ին ևս մեկ հատուկ գործողություն ընթացավ Պանկիսի կիրճում, որի արդյունքում ահաբեկչությանը նպաստելու մեղադրանքով ձերբակալվեց 5 մարդ: Նրանք բոլորը Վրաստանի քաղաքացիներ են, Պանկիսիի բնակիչներ: Նրանցից մեկը՝ 19-ամյա Թամրիլան Մաչալիկաշվիլին, մի քանի օր անց ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացավ: Պանկիսիի ևս մեկ բնակչի՝ Զուրաբ Իդոիձեին, նույն մեղադրանքով ձերբակալեցին հունվարի 9-ին:
Բերձենիշվիլին Վրաստանի ՊԱԾ-ի հակաահաբեկչական դեպարտամենտի կողմից ձերբակալվել է Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշման հիման վրա: Քննության այս փուլում պարզվել է, որ ձերբակալված Անատոլի Բերձենիշվիլին Թուրքիա է մեկնել՝ Ահմեդ Չատաևին և նրա խմբավորման անդամներին օգնելու նպատակով: Ձերբակալվածը Զուրաբ Գորնակաշվիլիի և Զուրաբ Իդոիձեի հետ օգնել է Ահմեդ Չատաևին և նրա համախոհներին թուրք-վրացական սահմանում տեղաշարժվելու գործում: Այս մասին հայտնում է ՊԱԾ-ի պաշտոնական կայքը: Քրեական գործը տարվում է «ահաբեկչության ֆինանսավորում, նյութական կամ այլ ռեսուրսների միջոցով ահաբեկչական գործունեության ապահովում, որը բերել է ծանր հետևանքների» հոդվածով: Հոդվածը նախատեսում է 17-20 տարվա կամ անժամկետ ազատազրկում: