Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին ընդդիմության հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։
Կալաձեն պարզաբանել է, որ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը չի բարձրանում, պարզապես հավելավճարները միանում է աշխատավարձին։
«Քաղաքապետի տեղակալներն այժմ ավելի քիչ գումար են ստանում, քան ձեր կառավարման տարիներին էր: Այնպես որ, խնդրում եմ հանրությանը չմոլորեցնել:Մենք դրա հնարավորությունը չենք տա ձեզ, քանի որ այսօր լրատվամիջոցներն ավելի ազատ են, գոյություն ունեն սոցիալական ցանցեր, որոնց միջոցով կարող ենք բնակչությանը ճիշտ տեղեկատվություն տրամադրել»,- հայտարարել է Կալաձեն՝ ընդդիմությանը մեղադրելով ստախոսության մեջ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ քաղաքապետը նշել էր, որ եթե նախկինում աշխատակիցներն աշխատավարձերը, հավելավճարներն ու բոնուսները ստանում էին առանձին, այսուհետ աշխատավարձին կմիանա հավելավճարը։