Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է հերթական՝ 2018 թվականի զեկույցը՝ աշխարհի երկրների քաղաքական և քաղաքացիական ազատությունների մասին:
Զեկույցի համաձայն, Վրաստանը շարունակում է դասվել մասամբ ազատ երկրների շարքում:
100 միավորից Վրաստանը ստացել է 64-ը։ Freedom House-ը երկրները գնահատում է 0-100 բալանոց սանդղակով, որտեղ 0-ն վատագույն,100-ը՝ լավագույն արդյունքն է։
Մարդու ազատության, քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների տեսանկյունից Վրաստանը 7 միավորից ստացել է 3:
Զեկույցում ասվում է, որ իշխող «Վրացական երազանք»-ը նոր Սահմանադրություն է ընդունել, որը «իր հովանավոր միլիարդատերի (նկատի ունի Բիձինա Իվանիշվիլիին,-խմբ․) ֆինանսական աջակցությամբ հաջորդ ընտրություններում ընդդիմության արդյունավետ դիմադրությունը պակաս հնարավոր է դարձնում։ Հավանական է, որ գալիք տարիներին իշխող կուսակցությունն էլ ավելի ամրացնի վերահսկողությունը»:
Freedom House-ի զեկույցում նաև խոսվում է ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի մասին, ում ըստ կազմակերպության, Թբիլիսիից վրացախոս անձինք ամենայն հավանականությամբ առևանգել են՝ տանելով նրան Ադրբեջան։ Փաստը, ըստ Freedom House-ի, անհանգստություն է առաջացնում հատկապես այն տեսանկյունից, որ Վրաստանի իշխանություններն այս առևանգմանը հնարավոր է մասնակից լինեն: