Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սեփական ձայնի նմուշը հրաժարվել է հանձնել: Այս մասին ուկրաինական «5-րդ ալիքի» եթերում հայտարարել է գլխավոր դատախազի տեղակալ Եվգենի Էնինը:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը ձայնագրություն է հրապարակել, ամենայն հավանականությամբ գործարար Սերգեյ Կուրչենկոյի և Սաակաշվիլիի հեռախոսազրույցը, որում վերջիններս համագործակցության պայմանավորվածություն են ձեռք բերում:
Եվգենի Էնինը նշել է, որ իրավապահ մարմիններն առաջիկա օրերի ընթացքում կհրապարակեն գործարար Սերգեյ Կուրչենկոյի հետ խոսակցության ձայնագրության փորձաքննության պատասխանները:
«Ուզում եմ նշել, որ Սաակաշվիլին ոչ մի կերպ չի նպաստում այս գործի օբյեկտիվ հետաքննմանը, քանի որ նա արդեն մի քանի անգամ հրաժարվել է սեփական ձայնի նմուշները հանձնելուց: Սրանով նա որոշակի կերպով հաստատում է, որ ձայնն իրենն է եւ խոսակցությունն իրականում տեղի է ունեցել: Սակայն ավելի լավ է սպասել պաշտոնական փորձաքննության արդյունքներին»,- հայտարարել է Էնինը: