Թբիլիսիի քաղաքային դատարանը հունվարի հինգին Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բանկիր Սանդրո Գիրգվլիանիի գործով 4 տարի ազատազրկման է դատապարտել: Սաակաշվիլիի պատիժը «Համաներման վերաբերյալ» օրենքի հիման վրա նվազել է և կազմել 3 տարի:
Դատարանի որոշմամբ, Սաակաշվիլիին նաև երկու տարով արգելվում է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում նշանակվող պաշտոն զբաղեցնել, որը նույնպես՝ «Համաներման վերաբերյալ» օրենքի հիման վրա նվազեցվել է և կազմել 1 տարի:
Միխեիլ Սաակաշվիլին մեղադրվում է պետական-քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց կողմից աշխատանքային իրավասությունները չարաշահելու մեջ:
Գլխավոր դատախազությունը գտնում է, որ Սանդրո Գիրգվլիանիի գործը համակարգային հանցագործություն է, որում ներգրավված են նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին, պատիժների իրականացման նախկին նախարար Բաչո Ախալայան և վերջինիս եղբայրը` Դաթա Ախալայան:
Ըստ դատախազության, Գիրգվլիանիի հանդեպ իրականացրած հանցագործությունը կոծկվել է, հետաքննությունը կեղծվել է, ներգրավված բարձրաստիձան պաշտոններ զբաղեցնող անձինք չեն ենթարկվել պատասխանատվության և պահվել են: Դրանք են` ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին, սահմանադրական անվտանգության դեպարտամենտի նախկին տնօրեն Դավիթ Ախալայան, պատիժների իրականացման նախկին նախարար Բաչո Ախալայան, գլխավոր դատախազն ու Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Համակարգային հանցագործության մանրամասները
«2006 թվականի հունվարի 27-ին Թբիլիսիի «Շարդենբար» սրճարանում վրացական միացյալ բանկի միջազգային հարաբերությունների բաժնի պետ Սանդրո Գիրգվլիանին խոսակցություն է ունեցել ներքին գործերի նախարար Իվանե Մերաբիշվիլիի կնոջ՝ Թամար Մերաբիշվիլիի և սահմանադրական անվտանգության դեպարտամենտի պետ Դաթա Ախալայայի սեղանակից Թաթիա Մաիսուրաձեի հետ, ինչի պատճառով, Դաթա Ախալայայի հրամանով ժամանել են սահմանադրական անվտանգության դեպարտամենտի աշխատակիցներ և Սանդրո Գիրգվլիանիին ու իր ընկերոջը բռնի կերպով նստեցրել են մեքենա, տարել մայրաքաղաքի արվարձաններից մեկում գտնվող Օքրոկղանայի գերեզմանատուն:
Առևանգած Գիրգվլիանիին ու ընկերոջը մերկացրել են և դաժանաբար ծեծել: Գիրգվլիանիի խոշտանգված մարմինը հայտնաբերվել է Օքրոկղանայի գերեզմանատան հարակից տարածքում:
Այս միջադեպից հետո հասարակության անհանգստության աճի հետ մեկտեղ, գործով հետաքրքրվել է նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով հասկանալով, որ Դավիթ Ախալայայի կազմակերպած, ներքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ և ներքին գործերի նախարարի կնոջ՝ Թամար Մերաբիշվիլիի ներգրավվածությամբ հանցագործության հրապարակումը բացասաբար կազդեր իշխանության վարկանիշի և հեղինակության վրա, կավելացներ հասարակության դժգոհությունը իշխանություններից և անխուսափելիորեն առաջ կքաշվեր իրեն շատ մոտ կանգնած անձանց՝ ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլիի և սահմանադրական անվտանգության դեպարտամենտի պետ Դաթա Ախալայային՝ քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը, նշված վտանգներից խուսափելու համար, որոշել է հանցագործությունը թաքցնել, քրեական գործը կեղծել և հանրությանը մոլորեցնել:
Մասնավորապես, Իվանե Մերաբիշվիլին, ով իմացել է, որ հանցագործությանը ներգրավված են ՆԳ նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, իր կինը` Թամար Մերաբիշվիլին և հանցագործության կազմակերպիչը Դաթա Ախալայան է, պարտավոր է եղել ապահովել անկախ և անկողմնակալ հետաքննություն: Սակայն, չնայած դրան, նա հետաքննությունը հանձնարարել է հենց հանցագործության կազմակերպիչ Դաթա Ախալայային:
Հետևաբար, հետաքննությունն իրականացվել է կողմնակալ, Իվանե Մերաբիշվիլիի գերատեսչության հետաքննողների կողմից, որոնք կապված են եղել հանցագործության մասնակից ՆԳ նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կախված են եղել այդ անձանցից, որոնք անձնական շահերից ելնելով հետաքրքրված են եղել գործի ոչ պատշաճ հետաքննությամբ: Նշվածից ելնելով, չի ապահովվել գործի օբյեկտիվ հետաքննությունը:
Իր հերթին, Դաթա Ախալայան 2006 թվականի փետրվարի երկրորդ կեսին հավաքել է առևանգմանը մասնակից սահմանադրական անվտանգության դեպարտամենտի աշխատակիցներին և խստորեն հանձնարարել, որ ելնելով ստեղծված դժվար իրավիճակից, անհրաժեշտ է նրանցից մի քանիսն իրենց վրա վերցնեն պատասխանատվությունը և չբարձրաձայնեն պատվիրատուների և մասնակից այլ պաշտոնատար անձանց անունները: Դրա փոխարեն խոստանալով, որ նրանք կդատապարտվեն մեղմ մեղադրանքով և նախագահի ներումով ազատ կարձակվեն: Բացի դրանից, մեկուսարանում գտնվելու ժամանակ, նրանց ընտանիքներին խոստացել է լուծել խնդիրները՝ ֆինանսական ռեսուրսների և այլնի տեսքով:
Նշված հանդիպումից մի քանի օր անց գլխավոր դատախազությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որը վերաբերել է Գիրգվլիանիի գործին, հասարակության հետաքրքրվածությունից ելնելով և պահանջները բավարարելու նպատակով, պետք է պատժվեր նաև ՆԳ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ Գերոնտի Ալանիան: Այդ դեպքում Ախալայան և հանցագործության հետ կապ ունեցող բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող այլ անձինք կխուսափեին պատասխանատվությունից:
Գլխավոր դատախազությունում կայացված որոշումից հետո, նույն օրը, Գիրգվլիանիի գործով հանդիպում է տեղի ունեցել Միխեիլ Սաակաշվիլիի հետ և խոսվել է պատասխանատվության ենթարկվող անձանց և հետագայում նրանց համաներում շնորհելու վերաբերյալ: Միխեիլ Սաակաշվիլին Դաթա Ախալայային ասել է, որ Գիրգվլիանիի գործով պայմանավորված հասարակության մեջ ավելացող հուզումները ճնշելու համար պետք է պատասխանատվության ենթարկվի նաև Գերոնտի Ալանիան: Այնուհետև նա Ախալայային խոստացել է, որ համաներում կշնորհի դատապարտյալներին:
Նշված ապօրինի խոստումներից հետո Իվանե Մերաբիշվիլիի, Դավիթ Ախալայաի և ՆԳ նախարարության բարձրաստիճան այլ պաշտոնյաների կողմից իրականացրած հանցագործության հետաքննությունն այնպես է ծրագրվել և իրագործվել, որ հանցագործության համար պատասխանատվության պիտի ենթարկվեին սահմանադրական անվտանգության դեպարտամենտի միայն միջին և ցածր պաշտոններ զբաղեցնող անձինք, իսկ Ախալայան և մյուսներն ապօրինաբար խուսափեին պատասխանատվությունից:
Հասարակությանը մոլորեցնելու նպատակով, 2006 թվականի մարտի 6-ին հայտարարվում է, որ, իբր Դաթա Ախալայայի անմիջական ջանքերի շնորհիվ են բացահայտվել Ալեքսանդրե Գիրգվլիանիի հանդեպ իրականացրած հանցագործության մեղավորները` սահմանադրական անվտանգության դեպարտամենտի վարչության պետ Գերոնտի Ալանիան, նույն դեպարտամենտի ավագ օպերատիվ աշխատակիցներ Ալեքսանդրե Ղաճավան, Միխեիլ Բիբիլուրիձեն և Ավթանդիլ Ափցիաուրին, որոնք ձերբակալվել են Գիրգվլիանիին սպանելու և ազատությունից ապօրինի զրկելու մեղադրանքով:
Դաթա Ախալայայի տրված խոստումները ամրապնդելու և բարոյական աջակցություն ցուցաբերելու համար, ներքին գործերի նախարար Իվանե Մերաբիշվիլին անձամբ է հանդիպել ձերբակալվածներին նախնական կալանքի վայրում, նրանց հետ կերուխում է արել խցում, նրանց աջակցություն հայտնել և ասել, որ ոչ մի խնդիր չեն ունենա տրված խոստումների տեսանկյունից, ինչը և իրականացվել է:
Դատարանի որոշմամբ` Գերոնտի Ալանիան, Ավթանդիլ Ափցիաուրին, Միխեիլ Բիբիլուրիձեն և Ալեքսանդրե Ղաճավան մեղավոր են ճանաչվել: Գերոնտի Ալանիան դատապարտվել է 7 տարի 6 ամիս, իսկ մյուսները՝ 6 տարի 6 ամիս ազատազրկման:
Գիրգվլիանիի գործով դատապարտված անձինք պատիժը կրելու ժամանակ, Բաչո Ախալայայի տրված խոստումների համաձայն՝ օգտվել են արգելված արտոնություններից:
Բացի այդ, հանցագործության իրական մեղավորներին պահելու համար նրանց յուրաքանչյուրին է փոխանցվել 100 հազար ԱՄՆ դոլար:
2008 թվականի նոյեմբերի 24-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չարաշահելով իր աշխատանքային իրավասությունները՝ Դավիթ Ախալայային տրված խոստումի համաձայն, շրջանցելով Համաներման հանձնաժողովին, համաներում է շնորհել և ազատ արձակել դատապարտյալներ Գերոնտի Ալանիային, Ալեքսանդրե Ղաճավային, Միխեիլ Բիբիլուրիձեին և Ավթանդիլ Ափցիաուրիին»:
Սաակաշվիլիին մեղավոր ճանաչելուց հետո ընդդիմադիրները շարունակում են պնդել, թե որոշումը քաղաքական է: Դատարանի որոշմանն անդրադարձել է նաև նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին՝ ասելով, որ «այս հոդվածով հետապնդումը նախագահի սահմանադրական իրավունքները սահմանափակում է»:
«Չեք գտնի դեպք, երբ նախագահին տրված համաներման իրավունքի պատճառով հետապդնում իրականացված լինի: Կարծում եմ, միջազգային տեսանկյունից այս հոդվածով իրականացվող հետապնդումը լուրջ հարցեր է առաջացնում»,- հայտարարել է Մարգվելաշվիլին: