Այսօր ավարտվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան: Նախագահ Սարգսյանին օդանավակայանում ճանապարհել է Վրաստանի նախագահը՝ տիկնոջ հետ: Սերժ Սարգսյանն ու իր ղեկավարած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ ունեցան Վրաստանի առաջին դեմքերի հետ:
ՀՀ նախագահի այցն այսօր նույնպես լուսաբանվեց վրաստանյան լրատվամիջոցների կողմից: Որոշ լրատվամիջոցներ, ինչպիսին է, օրինակ՝ Հանրային հեռուստաընկերությունը, Interpressnews առցանց լրատվականը, «Իմեդի» հեռուստաընկերությունը, լուսաբանեցին Սերժ Սարգսյանի և պատվիրակության այլ անդամների հանդիպումները: Ի տարբերություն նախորդ օրվան, ՀՀ նախագահի այցն այսօր ակտիվորեն լուսաբանեց ըննդիմադիր «Միացյալ ազգային շարժմանը» սատարող «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:
Թեմային ընդհանրապես չանդրադարձավ «Տաբուլա» լրատվականը, թեև վերջինս այսօր ուշադրություն էր դարձրել Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի՝ Ադրբեջան այցին:
Հատկանշական է, որ սոցիալական ցանցերում շարունակում էին քննարկել ՀՀ պատվիրակության պաշտոնական այցը: Իսկ ընդդիմադիրներին սատարող «Ռուսթավի 2-ի» ֆեյսբուքյան էջում օգտատերերը Սերժ Սարգսյանի հետ միասին վիրավորական խոսքեր էին հնչեցնում նաև Վրաստանի իշխանությունների հասցեին: Օգտատերերի մի զանգված վստահ է, որ թե՛ Հայաստանի, և թե՛ Վրաստանի իշխանությունները «Պուտինի մարիոնետներն են»: Որոշ օգտատերեր, հիշելով Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի պահվածքը, երբ վարչապետը երկրի օրենսդիր մարմնում հայհոյել էր ընդդիմադիր պատգամավորին, գրում էին. «Տեսնես Կվիրկաշվիլին արդեն հայհոյե՞լ է Սարգսյանին», «Դրանց մոտ ընդունված է հայհոյանքը, ընկերներ են»: