Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը նոյեմբերի 21-22-ին Թբիլիսիում տեղի ունեցած հակաահաբեկչական գործողության արդյունքում ձերբակալել է Սաիդ Դուդաևին, ով մեղադրվում է Ախմեդ Չատաևի հետ համագործակցելու և ահաբեկչական ակտեր կազմակերպելու մեջ։ Իսկ Չատաևն ու իր երկու համախոհները սպանվել են հատուկ գործողության ժամանակ։ Սակայն, ըստ ՊԱԾ-ի, ձերբակալված անձի անունը ոչ թե Սաիդ Դուդաև է, այլ Շուայիվ Բորզոև, ով ինտերպոլի կողմից հետախուզման մեջ է։
«Միջազգային գործընկերների ներգրավմամբ պարզվել է հատուկ գործողության ժամանակ ձերբակալված անձի ինքնությունը։ Նա Ռուսաստանի քաղաքացի Շուայիվ Բորզոևն է, ով ահաբեկչության մեղադրանքով հետախուզվում է ինտերպոլի կողմից։ Պարզվել է նաև սպանված անձանց ինքնությունը։ Նրանք են՝ Ռուսաստանի քաղաքացի Իբրագիմ Ադաշևը, ով տարբեր կեղծ փաստաթղթերով 2010-2012 թվականներին գտնվել է Վրաստանում, և Ասլանբեգ Սոլտախմադովը»,- ասվում է ՊԱԾ-ի տարածած հայտարարության մեջ։