Վրացական երգ ու պարով, բարեմաղթանքներով և հյուրասիրությամբ Հայաստանում բնակվող վրացիները կիրակի՝ այս տարվա համայնքային վերջին հանդիպմանը, միասնաբար նշեցին Ամանորյա տոնախմբությունը։
Համայնքի համար 2017-ը ծանրաբեռնված էր ու ձեռբքերումներով լի․ անցնող տարում Վրաստանն ու Հայաստանը նշում էին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչպես նաև «Իվերիա» վրացական համայնքի ստեղծման 20 ամյակը, որի շրջանակներում անցկացվեցին մի շարք միջոցառումներ։ Գալիք տարում նույնպես միջոցառումների պակաս չի լինի, սակայն համայնքում առայժմ փակագծեր չեն բացում։ Իսկ տարին միասին ամփոփելն արդեն բարի ավանդույթ է։
1997-ին ստեղծված «Իվերիա» վրացական համայնքի ղեկավար Սվետլանա Նամչևաձեն «Ալիք մեդիային» ասում է, որ Հայաստանում բնակվող վրացիներն ակտիվ են և սիրով մասնակցում են համայնքային միջոցառումներին։
«Հայաստանում և Վրաստանում այդքան էլ տարբեր չեն նշում Ամանորը, նույն խոզը, նույն սացիվին, սակայն Վրաստանում անպայման կոզինախ էլ են պատրաստում, ինչը Հայաստանում կարծես այդքան էլ տարածված չէ։ Սակայն, մինչ մեր տոնական հոգսերին անցնելը, մենք արդեն տասը տարուց ավելի հավաքվում ենք, նախ ժողով ենք հրավիրում, ամփոփում տարին, հետո միջոցառում է լինում՝ բանաստեղծություններ, երգ ու պար, այնուհետև հյուրասիրություն, որի ժամանակ շտապում ենք շնորհավորել գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը»,-ասում է Նամչևաձեն։
Ամանորի միջոցառմանը ներկա էր նաև Վրաստանի դեսպանատան ավագ խորհրդական, հայագետ Նինո Ափցիաուրին, ով արդեն 15 տարի Հայաստանում է ապրում։ Ափցիաուրին կարևորեց անցկացված միջոցառումն ու հույս հայտնեց, որ դրանք շարունակական բնույթ կունենան։
«Իվերիացիները շատ լավ գիտեն, որ պետք է լավ օգտագործենք մեր նախնիներից ժառանգած միասնության գաղափարը։ Մենք վրացիներին և հայերին մշտապես պետք է հիշեցնենք, որ մեր ապագան՝ խաղաղ Կովկասը և բարգավաճումը՝ պայմանավորված է միայն մեր գիտակցությամբ և մեր բարի դրացիությամբ»,-ասաց Ափցիաուրին։
Միջոցառման ամենափոքրիկ մասնակիցներից էր 11-ամյա Մարիամ Ղալեչյանը, ում տատիկն է վրացի․ «Տարբեր միջոցառումների եմ մասնակցել, արտասանում եմ վրացերեն բանաստեղծություններ, որոնք թեև ինձ համար դժվար են, սակայն կարողանում եմ արտասանել, իսկ այսօր շատ լավ ժամանակ անցկացրեցինք»։