Թբիլիսիի հայկական պետական դրամատիկականի հանդիսատեսը թատրոնում է`մեկ մարդու նման, բեմում կրկին իրենց սիրելին է` Լեյլա Մկրտչյանը, բայց այս անգամ հանդիսատեսը նրա անմոռաց խաղը չի նայում, այլ ստիպված է վերջին հրաժեշտը տալ:
Դերասանուհու անժամանակ մահը ստիպել է վերհիշել նրա անցած ստեղծագործական կյանքը. հնչեղ ձայն, հիշվող կերպարներ, ողբերգականի ու երգիծականի միահյուսում, բեմը զգալու բնատուր շնորհ, անասելի արտաքին գեղեցկություն, այսպես են նկարագրում թատրոնի առաջատար դերասանուհուն: Բեմարվեստը նրան գերել էր դեռ դպրոցական տարիներից: Նրա` 100-ին հասնող դերերը վաղուց հանդիսատեսի սեփականությունն են: Այսօր արդեն, բեմում իր խաղընկերներն են, ովքեր հրաժարվում են իրենց Լեյլայի մասին անցյալով խոսել, բոլորը նկատում են` Լեյլա Մկրտչյանի կերպարները զարմանալիորեն նման էին իրեն:
Կարճատև կյանքում շատ բան էր հասցրել անել, բայց անելիք ու ասելիք շատ ուներ. ուժեղ կամքի տեր, պայքարող տեսակ, հիվանդությունը, սակայն, ուժեղ գտնվեց:
Ռոմա Մաթիաշվիլի, ԹՀԴԹ ռեժիսոր. «Դերեր, տասնյակ դերեր, մեկը մյուսից լավը, ստեղծել է կերպարների մի ամբողջ գալերեա, որ մեկն ասես, ինչպես գովերգես այն մարդուն, ով կոտրեց բոլորիս սիրտը` իր զավակի, ամուսնու, հարազատների»:
Հակոբ Ղազանչյան, ՀԹԳՄ նախագահ. «Հրաշք անձնավորություն էր: Այդ աստիճանի հեզություն, կանացիություն, բարություն, հյուրասիրություն, էլ որն ասես…դժվար է պատկերացնել նույն մարդու մեջ»:
Հայաստանի թատերարվեստի բարձրագույն պարգևը` Թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության հատուկ մրցանակը` կնոջ լավագույն դերակատարման համար` ստացավ 2015-ին, 2014-ին ստացել է ՀԹԳՄ ոսկե մեդալ, այս տարի Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հրամանով` թատերական արվեստի ժողովրդականացման, վրաց-հայկական մշակութային հարաբերությունների զարգացման գործում ներդրած ավանդի և արգասաբեր ստեղծագործական գործունեության համար պարգևատրվել է Պատվո շքանշանով:
Երիտասարդ դերասանուհու վաղաժամ մահվան կապակցությամբ հարյուրավոր ցավակցական հեռագրեր են ստացվել աշխարհի տարբեր անկյուններից, բազամաթիվ մարդիկ` Հայաստանից, Վրաստանի հայաշատ շրջաններից, Վրաստանի կառավարությունից, եկել էին իրենց ցավակցությունները հայտնելու: Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան նախագահի ոսկե մեդալակիր դերասանուհու թողած ավանդն անգնահատելի է համարում. «Եկել եմ ցավակցելու դերասանուհու ընտանիքի անդամներին, նրա հարազատներին: Իհարկե, մեր քաղաքը շատ կարևոր մարդ կորցրեց, նրա և նրա խաղի պակասը շատ կզգացվի»:
Ցեղասպանության 100 –րդ տարելիցին նվիրված` «Այս գիշեր ոչ ոք չի քնելու» ներկայացման մեջ խաղաց իր վերջին դերը` մինչև կյանքի վերջ հավատարիմ մնալով իր թատրոնին: Հրաժեշտի վերջին պահին էլ հարազատ բեմում է, ու կրկին ծափահարություններ, որոնք նա այդքան սիրում էր, սակայն այս անգամ ոչ թե հուզմունքի ու հպարտության, այլ մեծ ցավի ու տխրության ծափեր են:
160-ամյա հայկական թատրոնի հիմնասյուներից մեկն էլ պակասեց. դերասանուհու աճյունը վերջին հանգրվան գտավ Խոջիվանքի` «Հայ գրողների ու հասարակական գործիչների պանթեոնում»` թիֆլիսաբնակ հայազգի հսկաների կողքին: