Համով ժառանգություն․ Մարգո տատիս աղի գաթան

Մարգո տատս Ախալքալաքում Խաչիկ պապիս հետ ընտանիք էին կազմել ու եկել Երևան։ Շնորհքով էր տատս ու պահանջում էր, որ երեխաներն ու թոռները միշտ կոկիկ լինեն։ Մի բան կյանքում իր համար անհասկանալի էր ինչպե՞ս կարող է «տանտիկինը» պարապ մնալ, իսկ պարապ մնալ էր համարվում օրինակ գիրք կարդալը, ինչի համար, իհարկե, հաճախ «նախատում» էր տան բոլոր կանանց ու աղջիկներին։

Մարգո տատիս սիրում ու հարգում էին բոլորը՝ մեծից փոքր, հարազատներն ու բարեկամները, հարևաններն ու իր սիրած՝ ԳՈՒՄ-ի շուկայի առևտրականները։ Իր պատրաստած բաստուրմայի, տնական թթվի, գաթայի ու հալվայի համը երկար քննարկման առարկա էր դառնում, ինչն էլ տատիս սիրտն էր շոյում սիրով հյուրասիրում էր ու գովասանքի սպասում։

Ամեն կիրակին ընտանեկան մեծ խնջույքի ու խրախճանքի օր էր։ Հենց այնպես չէինք հավաքվում ամեն հավաքույթն իր թեման պիտի ունենար։ Ձմեռը՝ պոչով ապուր ու խաշ, ամառը՝ բանջարեղենով տոլմա ու խորոված։ Այդ ամենն էլ համեմվում էր տնական հալվայով, զանազան մուրաբաներով ու խմորեղեններով։

25360421_1593107790725606_1334024706_n

Նոր տարվա պատրաստություններին տատս յուրահատուկ պատասխանատվությամբ էր մոտենում։ Աշնան վերջին արդեն Խաչիկ պապի հետ ամենօրյա վեճերն ավարտվում էին վաղուց սպասված արտահայտությամբ․ «Խաչիկ, էդ սաղ հեչ, աղի գաթան ե՞րբ ենք սկսում»։ Տարբեր կողմերից առաջարկվող օգնությունն աներկբաորեն մերժվում էր, մինչդեռ աղի գաթայի պատրաստման մեջ Խաչիկի դերակատարությունը քննարկման ենթակա չէր։

Պատասխանատու գործ էր տարեվերջին բոլոր հարազատներն ու բարեկամները սպասում էին իրենց բաժին աղի գաթային, որը պիտի ուտեին ու գովեստի խոսքեր շռայլեին։ Ի պատասխան, ղարսեցու հպարտ դիրքերից տատս պիտի ասեր, «ախր դուք Էրեվանցիքդ, ի՞նչ գիտեք աղի գաթան ի՞նչ է»։

Եվ ահա սկսվում էին երկար-բարակ պատրաստությունները: Ալյուրն ու խմորիչն իրար խառնվում՝ ձվի ու տնական հալած յուղի ուղեկցությամբ։ Ապա ձգվում էին խմորի բացերն ու իրար վրա հերթականությամբ հավաքվում շերտերը, ինչը Խաչիկ պապիս գործն էր, ով լուռ ու մունջ, անտրտունջ ու հպարտ իր «խաչն էր կրում»: Իր հերթին տատս ամեն շերտը բացում ու յուղով էր պատում, ձգված խմորի շերտերը ոլորաձև հավաքում ու բաժանում մասերի։ Խմորի մեջտեղում ձեռքով փոքր փոսիկներ էր անում, ապա խորիզով լցոնում, պտտում խմորը, հավաքում ու շուռ տալիս այնպես, որ շերտերն ընդգծված տեսանելի լինեն։

Չմոռանամ ասել, որ գաթաներից մեկի մեջ մի մետաղադրամ էլ կամ կոճակ էր դնում։ Պարզ է չէ ինչու՞։

Իսկ բաղադրատոմսը տասը գաթայի համար հետևյալն է՝

10 մեծ բուռ ալյուր,

2 թեյի գդալ խմորիչ,

աղ աչքաչափով,

կես լիտր հալած յուղ,

հինգ ձու,

ջուր՝ այնքան, որ լինի պինդ խմոր

Երկար հունցել՝ ամեն անգամ ձեռքերը թաթախելով յուղի մեջ, այնուհետև երկու ժամով թողնել տաք տեղում։ Ստացված խմորի զանգվածը բաժանել տասը մասի և թողնել կես ժամ։ Արդեն հանգստացած խմորը բացել ձեռքերով և կրկին թողնել կես ժամ հանգստանալու։ Այս ամենից հետո գալիս է բացերը ձգելու և իրար վրա հերթականությամբ հավաքելու հերթը։ Յուրաքանչյուր բացի ձգումից հետո այն պատել յուղով, այդ ամենն անելուց հետո ձգված խմորի շերտերը հավաքել ոլորաձև և բաժանել մասերի։ Խմորի մեջտեղում ձեռքով փոքր փոսիկներ անել և դրա մեջ լցնել չորս գդալ խորիզ, այնուհետև բողչայանման հավաքել և շուռ տալ այնպես, որ շերտերն ընդգծվեն։ Խորիզը պատրաստել՝ բովելով ալյուրն ու յուղը, հետո ավելացնել չորացրած մեխակ​։

 

Թողնել պատասխան