Հովհաննես Թումանյանի թբիլիսյան տանը շարունակվում են նոր շունչ առնել ամենայն հայոց բանաստեղծի ստեղծած ավանդույթները: Արդեն երրորդ անգամ այստեղ հավաքվել էին վիրահայ արվեստագետները՝ կարդալու ընտրված բանաստեղծի տողերը: Այս անգամ պոեզիայի երեկոյի ընթացքում ներկաները կարդացին անժամանակ կյանքից հեռացած Անահիտ Բոստանջյանի տողերը: Սենյակի մեջտեղում դրված Բոստանջյանի 50-ից ավելի գրքերից վերցված բանաստեղծությունները, թարգմանություններն ու աֆորիզմները կարդացին շրջան կազմած ներկաներից գրեթե բոլորը:
«Թումանյանի տանը կարճ ժամանակահատվածում հասցրել ենք ընթերցել Հովհաննես Թումանյանի քառյակները, Գրիգոր Նարեկացու տաղերը, այսօր կարդացինք Անահիտ Բոստանջյանի ստեղծագործությունները: Ինչո՞ւ Անահիտ Բոստանջյան, որովհետեւ մենք բոլորս գիտենք, թե այս տունը հայությանը վերադարձնելու ազգանվեր աշխատանքում ինչպիսի ներդրում ունի Անահիտ Բոստանջյանը»,- «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշեց «Հովհաննես-Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնի տնօրեն Գիսանե Հովսեփյանը:
Երեկոյին կարեւորվեց Բոստանջյանի ներդրումը հայ-վրաց գրականությունների միջեւ ստեղծված կամուրջում, ներկաներն ընթերցեցին նաեւ բանաստեղծուհու վրացերեն գործերն ու թարգմանությունները:
Վրաստանի գրողների միության անդամ Լեւան Ծալուգելաշվիլին կարեւորեց Բոստանջյանի գործունեությունը հայ-վրացական գրականության կապերում:
«Շատերը չգիտեն, որ Անահիտ Բոստանջյանը հայերեն է թարգմանել Վաժա Փշավելայի գործերը, վրաց դասականներին եւ այս թարգմանություններով անգին ներդրում է ունեցել հայ-վրաց մշակութային հարաբերությունների խորացման մեջ: Նա երկու ազգերի բարեկամության իրական դեսպան էր»,-ասում է Ծալուգելաշվիլին։
«Այստեղ ամեն միջոցառում մեծ նշանակություն ունի, մանավանդ այնպիսի մարդկանց համար, ինչպիսինն Անահիտ Բոստանջյանն էր: Սա մեծ պատիվ է ընթերցողի համար, որովհետեւ ինքն իր ամբողջ ստեղծագործական կյանքը նվիրեց ընթեցողին: Անահիտ Բոստանջյանը մեծ գործեր է թողել, նրա ե՛ւ արձակ, ե՛ւ չափածո գործերն անմոռանալի են»,- իր խոսում նշեց հայտնի մտավորական եւ հասարակական գործիչ Գիվի Շախնազարը:
Երեկոյի ընթացքում Անահիտ Բոստանջյանի դստրերը խոսեցին բանաստեղծուհու «երրորդ» երեխա «Կամուրջ» տարեգրքի եւ նրա գործի շարունակության կարեւորության մասին: