«Թբիլիսին հետևում է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հռչակելու վերաբերյալ իրադարձությունների զարգացմանը, խորհրդակցություններ վարում գործընկեր երկրների հետ»,- նշված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությունում:
«Մենք ծանոթացել ենք Վրաստանի ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմի վերաբերյալ տարածած հայտարարության մանրամասներին: Տիրապետում ենք նաև այն տեղեկատվությանը, որ այս պահին հարցի շուրջ հակասական տեսակետներ են առկա։ Վրաստանն աջակցում է պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հարցի լուծման հասնելու ճանապարհը համարում երկկողմ բանակցություններն ու երկխոսությունը»,-ասված է ԱԳՆ-ի հայտարարությունում:
Հիշեցնենք՝ մինչ այդ, Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք հռչակելու հարցը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին որակել էր «շատ նուրբ» հարց՝ հավելելով, որ տվյալ դեպքում Վրաստանը կգործի՝ հաշվի առնելով պետական շահերը, միջազգային իրավիճակն ու ազգային անվտանգությունը: Փոխանցում է «newsgeorgia.ge» կայքը:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 6-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց․ «ժամանակն է պաշտոնապես ճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք»։ Թրամփի որոշման դեմ բողոքի շղթայական ակցիաներ են սկսվել Մերձավոր Արևելքում, այն քննադատում է նաև միջազգային հանրությունը։