«Բացի անհրաժեշտ ենթակառուցվածքներից և այլ ֆիզիկական պայմաններից, անհրաժեշտ է գրագետ և գեղեցիկ ներկայացնել երկիրը»:
Այսպիսի կարծիք է հայտնել Վրաստանում նախկին դեսպան Հովհաննես Մանկուկյանը`իր անձնական բլոգում: Ըստ նրա` չնայած, որ երկար ժամանակ է, ինչ զբոսաշրջությունը Հայաստանում հայտարարվել է տնտեսության առաջնահերթ ոլորտներից մեկը, Հայաստանն էլ ունի հարուստ բնություն և պատմամշակութային ժառանգություն, սակայն զբոսաշրջությունը Հայաստանում էական զարգացում այդպես էլ չի ապրում: Հիմնական խնդիրը, ըստ Մանուկյանի` ծառայությունների բավարար մակարդակի բացակայությունն է: Ոչ պակաս կարևոր հանգամանք է Հայաստանի ճանաչելիության ցածր մակարդակը: Հովհաննես Մանկուկյանն առաջարկում է բացի ավանդական զբոսաշրջությունից` ստեղծել և զարգացնել զբոսաշրջային նոր ուղղություններ, ինչը կնպաստի զբոսաշրջության ծավալների մեծացմանը դեպի Հայաստան հատկապես եվրոպական ուղղությունից.
«Խոսքը վերաբերում է էկո, էթնո, քարանձավային, սպորտային, հեծանվային, գիտական, կրոնական, առողջարանային ուղղություններին: Բացառիկ հետաքրքրություն կարող է ներկայացնել մեր երկրում էքստրեմալ տուրիզմը, ինչի բազայի ստեղծման համար մենք նախադրյալներ ունենք: Ի դեպ, այս բոլոր սպեցիֆիկ տուրիստական ուղղություններում լիարժեք կարող է ներգրավվել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»:
Վրացական տուրիստական հոսքերի ներգրավումը նախկին դեսպանը ևս հնարավոր գործիքներից է համարում, ինչն արդեն մի քանի տարի է իրատեսական խնդիր է.
«Ցավոք, մեր անգործության հետևանքով այս հոսքերը ևս մեզ այսօր շրջանցում են»,- կարծիք է հայտնում Հովհաննես Մանուկյանը և որպես Խնդրի լուծման եղանակ առաջարկում ստեղծել համատեղ զբոսաշրջային երթուղիների, փաթեթների մշակումը, ինչը կարող է դրանք գրավիչ դարձնել եվրոպացի, ինչու ոչ, նաև հետխորհրդային երկրների զբոսաշրջիկների համար: