Միջազգային ահաբեկչության մեջ մեղադրվող Ախմեդ Չատաևը 2015 թվականից ինտերպոլի կողմից հետախուզման մեջ է գտնվել: Ինտերպոլի պաշտոնական կայքում տեղադրված է նաև տեղեկատվություն Չատաևի հետախուզման մեջ գտնվելու պատճառների մասին:
Հիշեցնենք, որ այսօր Վրաստանի պետական անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի ղեկավար Նինո Գիորգոբիանին տեղեկացրել է, որ նոյեմբերի 22-23-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում իրականացված հակաահաբեկչական հատուկ գործողության ժամանակ սպանված ենթադրյալ ահաբեկիչներից մեկը Ախմեդ Չատաևն է:
Ըստ ինտերպոլի կայքի՝ Ախմեդ Չատաևը (ավելի հայտնի Однорукий Ахмед կեղծանունով) ծնվել է 1980 թվականի հուլիսի 4-ին Ռուսաստանի Չեչնիայի հանրապետությունում:
Չատաևը ինտերպոլի հետախուզվողների ցուցակում է հայտնվել «Ալ-Քայիդայի», «Իսլամական պետության» և Աբու Բաքր Ալ-Բաղդադիի հրամանով ահաբեկչական գործողությունների ֆինանսավորման, կազմակերպման և իրականացմանն աջակցելու համար:
2001 թվականից Ախմեդը բնակություն է հաստատել Ավստրիայում, որտեղից ֆինանսական աջակցություն է ցուցաբերել հյուսիսային կովկասի զինված խմբավորումներին:
«Այս պահի դրությամբ Չատաևը «Իսլամական պետության» առաջնորդներից է: Նրա ղեկավարության տակ շուրջ 130 զինված անձ կա: Նա կոչ է անում մահմեդականներին իսլամական խալիֆաթ կառուցելու նպատակով զինված պայքար մղել Սիրիայի, Իրաքի տարածաշրջանի այլ երկրների իշխանությունների դեմ»,- նշված է ինտերպոլի կայքում տարածված տեղեկատվության մեջ:
Չատաևը հետախուզվում է նաև Ռուսաստանի կողմից՝ երկրում ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար:
Տեղեկացնում է Ipn.ge-ն: