Ամերիկյան հեղինակավոր Jane’s Defence Weekly շաբաթաթերթը ծավալուն հարցազրույց է հրապարակել Հայաստանի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
«2014թ. կեսերից Հայաստանը հայտնվել է Ադրբեջանի հետ զինված առճակատման նոր փուլում. հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղում երկու երկրները տարբեր նպատակներ են հետապնդում»,-ասել է ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանն` ամերիկյան հեղինակավոր «Jane’s Defence Weekly» շաբաթաթերթին տված հարցազրույցում:
Թերթը հիշեցնում է, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայքնով ապրիլի 2-ից 5-ը տեղի ունեցած ռազմական գործողությունները 1994թ. հրադադարի ռեժիմի հաստատումից հետո ամենալայնամասշտաբ էսկալացիան էր, երբ կիրառվեց ծանր ռազմատեխնիկա, այդ թվում հրետանի, օդուժ: Քառօրյա պատերազմը երկու կեղմից ավելի քան 200 մարդու կյանք խլեց:
Օհանյանի կարծիքով` «Ապրիլյան պատերազմի արդյունքում ստեղծված նոր իրականությունը խաղաղ բանակցություններն այս պահին անհնարին է դարձնում. երկխոսությունը կարող է շարունակվել Ղարաբաղում անվտանգություն ապահովելուց հետո միայն»:
ՀՀ Պաշտպանության նախարարի պարզաբանմամբ` Հայաստանի նպատակը զոհերի թիվը նվազագույնին հասցնելն է` «խաղաղություն պարտադրելով»` ի վերջո երխոսության համար համապատասխան պայմաններ ստեղծելը, մինչդեռ Ադրբեջանի իշխանությունը նպատակ ունի ավելացնելով հայկական կողմի զոհերի թիվը` բանակցությունների ընթացքում հնարավորություն ստանա զիջումների հասնել:
Պարբերականի գնահատմամբ` 2014-2015 թթ. ընթացքում երկու կողմերից ընդհանուր առմամբ զոհվել է 170 զինծառայող, այդ թվում 11 հայ և 3 ադրբեջանցի խաղաղ բնակիչ: 1994 թ. լայնամասշտաբ ռազմական գործողություններից հետո հակամարտության պատճառով տարեկան զոհվածների տարեկան թիվը տատանվում էր 20-30-ի միջև:
Հայաստանի ՊՆ նշել է, որ միջազգային միջնորդությամբ հրադադարի ռեժիմի վերականգնման նպատակով, հայկական կողմը կոչ է անում ներդնել վստահության հետաքննության մեխանիզմներ: Նման մեխանիզմի ներդման մասին առաջարկ է եղել նաև 1995թ., որին աջակցել են և Ֆրանսիան, և Ռուսաստանը, և ԱՄՆ-ը, սակայն ադրբեջանական կողմը հրաժարվել է այդ նախաձեռնությունից:
Բացի այդ, Սեյրան Օհանյանն ասել է, որ համակամարտության խաղաղ կարգավորումը չի սպասվում այնքան ժամանակ, մինչև «Ադրբեջանում տեղի չունենան արմատական փոփոխություններ` այդ թվում քաղաքացու իրավունքների պաշտպանության, նրա ապրելու, արարելու ու ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու հարցում»:
«Հայաստանը քաղաքական դաշտում հիմնվում է ռազմական և դիվանագիտական միջոցների համադրության վրա` ռազմավարական զսպվածության համակարգի շնորհիվ նվազեցնելով լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու հնարավորությունը»,-ասել է Օհանյանը Jane’s Defence Weekly-ին տված հարցազրույցում` անդրադառնալով նաև մյուս հարևանների`Թուրքիայի, Վրաստանի ու Իրանի հետ հարաբերություններին:
Հայաստանը ձգտում է նաև զերծ մնալ ռուս-թուրքական հակամարտության ուղիղ ազդեցությունից: Գրում է պարբերականը, ընդգծելով, իսկ Թուրքիան հրաժարվում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ` շարունակելով աջակցել Ադրբեջանին: Անցած տարվա հոկտեմբերին, երբ ռուսական ինքնաթիռը Սիրիայից մտավ Թուրքիա, թուրքական երկու ռազմական ուղղաթիռներ հայտնվեցին Հայաստանի օդային տարածքում: Սակայն Հայաստանը ընդունեց Թուրքիայի բացատրությունը` «վատ եղանակը»:
Հայ-թուրքական երկկողմ շփումները բավականին ջերմ են, և Օհանյանի բնութագրմամբ` «նույնիսկ Հայաստանի ու Թուրքիայի պաշտպանության ծառայություների ուղիղ հաղորդակցության բացակայության դեպքում, հայ և թուրք սպաները բավական լավ շփումներ են ունենում` ՆԱՏՕ-ի տարաբնույթ ծրագրերի շրջանակներում»:
Անդրադառնալով Ռուսաստանի հետ համագործակցությանը` թերթը հիշեցնում է, որ Ռուսաստանը շարունակում է իր ռազմական ներկայությունը պահպանել Հայաստանում` մնալով Հայաստանի անվտանգության հայեցակարգի առանցքային տարրերից մեկը: Միևնույն ժամանակ Հայաստանը չի նվազեցնում իր համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, չնայած 2014 թվականից Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունները զգալիորեն վատթարացել են: Բացի այդ հայ խաղաղպահաները ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ շարունակում են առաքելություն իրականացնել Կոսովոյում, Աֆղանստանում, ընթանում է նաև Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների` թվով չորրորդ ( 2014-2016թթ.) ծրագիրը (IPAP), իսկ ՀՀ ԶՈՒ-ի ներկայացուցիչները վերապատրաստվում են Եվրոպայում և ԱՄՆ-ում:
Թուրքիայից բացի, որն Ադրբեջանի զենքի գլխավոր մատակարարն է, ՆԱՏՕ -ի անդամ գրեթե մյուս բոլոր երկրները հրաժարվել են Ղարաբաղյան հակամարտության կողմերին զենք վաճառել:
ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հարցազրույցում կարևորել է նաև պաշտպանական ոլորտում Վրաստանի հետ համագործակցությունը. «Հայաստանը հարգում է Վրաստանի եվրաատլանտյան ընտրությունը: Դա ցանկացած երկրի սուվերեն իրավունքն է»,-ասել է Օհանյանը Jane’s Defence Weekly շաբաթաթերթի թղթակից Էմիլ Սանամյանի հետ զրույցում:
Իսկ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները, ըստ Օհանյանի սահմանափակ էին «միջազգային պատժամիջոցների և որոշ պարտավորությունների» պատճառով: Սակայն նախարարի խոսքով` աժմ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը Հայաստանին հույս է ներշնչնում` ընդլայնել հայ-իրանական հարաբերությունները, այդ թվում և ռազմական ոլորտում:
Օհանյանը հույս է հայտնել, որ սպառազինություն ձեռք բերելու նպատակով Ռուսաստանի տրամադրած 200 մլն դոլար վարկը կօգնի «զսպել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները»:
«Կասկածից վեր է, որ տարածաշրջանի մասշտաբով Ադրբեջանը հսկայական գումարներ է հատկացնում պաշտպանական ոլորտին, սակայն ռազմադաշտում երևում էր, որ ծախսված գումարներն անտեղի էին. հայկական զինուժը ակնհայտ առավելություն ուներ»,-ասել է Օհանյանը` հավելելով, որ ռազմական հզորությունը մի շարք գործոններից է կախված, որտեղ զինամթերքը ընդամեն մի մասն է և շատ հաճախ ոչ ամենակարևորը: