Վիրահայոց թեմին կից գործող «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լեւոն Չիդիլյանը Ալիք մեդիայի հետ զրույցում անդրադարձել է արցախցի նկարիչների ցուցահանդեսի վերաբերյալ ԱԳՆ-ի հայտարարությանը։
«Ադեկվատ հայտարարություն էր։ Մենք մասնավոր կազմակերպություն ենք։ Պետությունը որևէ կապ չուներ միջոցառման հետ, որի նպատակն իրականում խաղաղություն տարածելն է»,-ասել է Չիդիլյանը։
Հիշեցնենք՝ պաշտոնական Բաքուն բողոքի նոտա էր հղել Վրաստանին՝ դժգոհություն հայտնելով Թբիլիսիի «Հայարտուն» կենտրոնում բացված ցուցահանդեսին արցախցի երիտասարդ նկարիչների աշխատանքների ցուցադրության առնչությամբ: «Վրաստանը, որը տուժած է անջատողականների կողմից, չպետք է թույլ տար նման ցուցահանդես», — նշել են ադրբեջանցիները:
Վրաստանի ԱԳՆ-ը արձագանքելով Ադրբեջանի բողոքին՝ հայտարարել է, որ Վրաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, իսկ նման ցուցահանդեսի անցկացումը կապ չունի Վրաստան պետության դիրքորոշման հետ: «Ցուցահանդեսը, որին մասնակցել են նկարիչները Ղարաբաղից, մասնավոր նախաձեռնություն էր, դրա կազմակերպմանը պետական կառույցները չեն մասնակցել»,-ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
«Իրականում մենք ցույց ենք տալիս, որ մարդիկ Արցախում խաղաղ ապրում ու արարում են, նրանք խաղաղություն են ուզում և նրանց գործերը ևս խաղաղություն էին պատկերում»,-Ալիքին վստահեցրեց Չիդիլյանը։
Հիշեցնենք, նոյեմբերի 26-ին «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը, «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կազմակերպել է «Վերածնունդ» խորագրով ցուցահանդեսը, որին ներկայացվել են արցախցի յոթ երիտասարդ նկարիչների աշխատանքները: