Վրաստանի Դատախազության հարակից տարածքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների ու «Մանկական աշխարհ» առևտրի կենտրոնի հրդեհից տուժած առևտրականների միջեւ։Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ակցիայի մասնակիցները երկրորդ անգամ են փորձ արել տարածքում վրաններ տեղադրել:
Բախումների ընթացքում մասնակիցներից մեկի վիճակը վատացել է, շտապ օգնություն են կանչել:
Ակցիայի մասնակիցները շարունակում են մնալ դատախազության հարակից տարածքում: Նրանք պահանջում են պաշտոնից ազատել գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեին, ավարտել «Մանկական աշխարհ»-ում բռնկված հրդեհի գործով հետաքննությունը։
Հիշեցնենք՝ Թբիլիսիի «Մանկական աշխարհ» առևտրի կենտրոնում հունվարի 29-ի լույս 30-ին բռնկված հրդեհը ոչնչացրել է բազմաթիվ աշխատակիցների տաղավարներն ու իրերը։