Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը հանդիպել է նոյեմբերի 21-22-ին Թբիլիսիում տեղի ունեցած հակաահաբեկչական գործողության արդյունքում ձերբակալված քաղաքացուն։
Մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլիի խոսքով, մեղադրյալը, ով չի ցանկացել հրապարակել ինքնությունը, ասել է՝ գործողության ընթացքում վնասազերծված անձանցից միայն մեկին է ճանաչում։
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչի և ահաբեկչության մեջ մեղադրվողի հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին:
«Մեր ներկայացուցչի հետ հանդիպմանը մեղադրյալը չնայած ընդունում է, որ հրազեն է ունեցել, հերքել է ահաբեկչության հետ կապը»,- հայտարարել է Նանուաշվիլին՝ հույս հայտնելով, որ գրասենյակը առաջիկայում առավել մանրամասն տեղեկատվության կտիրապետի:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները Իսանիի բարձրահարկ շենքերից մեկում ավելի քան 20 ժամ տևած հակաահաբեկչական գործողության արդյունքում վնասազերծել են դիմադրություն ցույց տված ենթադրյալ ահաբեկիչներից երեքին։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ահաբեկիչները չորսն են եղել, նրանցից մեկը ձերբակալված է։