Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ հակաահաբեկչական գործողության ընթացքում ձերբակալված անձը մյուս երեք ահաբեկիչների հետ բնակվել է Թբիլիսիի Իսանի թաղամասի Գաբրիել Սոլոսի փողոցի բարձրահարկ շենքի բնակարաններից մեկում:
Ըստ դատախազության, կասկածյալին ձերբակալելիս, իրավապահները նրա մոտ հայտնաբերել են անօրինական կերպով ձեռք բերված զենք ու փամփուշտներ:
«Վրաստանի գլխավոր դատախազությունը ահաբեկչական կազմակերպությանն անդամագրվելու, ահաբեկչական գործողություններին աջակցելու, ահաբեկչություն իրականացնելու նպատակով անօրինական կերպով զենք ձեռք բերելու համար մեղադրանք է առաջադրել Վրաստանի քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի առաջին մասի (ահաբեկչության իրականացման նպատակով զենք-զինամթերքի անօրինական ձեռքբերում, պահում) և 328 հոդվածի (այլ երկրի ահաբեկչական խմբավորմանն անդամագրվելը, ահաբեկչությանն աջակցելը) հատկանիշներով։ Ձերբակալված անձին սպառնում է 10-17 տարվա ազատազրկում»,-ասված է դատախազության տարածած հայտարարությունում: