Թբիլիսիի ավագանու (սակրեբուլոյի) «Ազգային շարժում» ընդդիմադիր խմբակցությունը պահանջում է 2018 թ․-ի քաղաքային բյուջեն 100 մլն լարիով ավելացնել: Խմբակցության ղեկավար Իրակլի Նադիրաձեն նոյեմբերի 24-ին հրավիրած մամուլի ասուլիսում ներկայացրել է Թբիլիսիի բյուջեում փոփոխություններ մտցնելու խմբակցության առաջարկը:
Նրա խոսքով, ավագանին այսօր փոփոխությունների մի շարք առաջարկներով մայրաքաղաքի 2018-ի բյուջեի նախագիծը կուղարկի քաղաքապետարանին։ Նադիրաձեն հստակեցրել է նաև, որ քաղաքային բյուջեն 100 մլն լարիով հարկավոր է ավելացնել, որպեսզի իրականանան նրանց 5 պահանջները:
Հատկանշական է, որ Թբիլիսիի 2017թ․-ի բյուջեն կազմում է 826 մլն լարի, 2018-ինը՝ 815 մլն լարի:
«Միացյալ ազգային շարժում»-ը առաջարկում է միջին և ցածր աշխատավարձ ունեցող ընտանիքների (խոսքը շուրջ 275 հազար ընտանիքի մասին է) կոմունալ ծախսերը վճարելու համար 150 լարի արժողությամբ արժեթղթեր տրամադրել։ Բացի այդ, կարևորում է դեղեր գնելու համար 200 լարի արժողությամբ արժեթղթերի պարտադիր տրամադրումը թոշակառուներին (230 հազար թոշակառուի):
Խմբակցությունը նաև առաջարկում է երեք անգամ ավելացնել անվճար ճաշարանների թիվը, ուսանողների համար քաղաքային տրանսպորտը դարձնել անվճար: Իսկ քաղաքամայր Թբիլիսիի էկոլոգիական և ենթակառուցվածքային ծրագրերի համար, ըստ Նադիրաձեի, հարկավոր է ևս 50 մլն լարի: Տեղեկացնում է «ipn.ge»-ն:
Հիշեցնենք՝ օրեր առաջ քաղաքի նորընտիր իշխանությունները ևս հանդես եկան բյուջեի ավելացման անհրաժեշտությամբ՝ դիմելով Ֆինանսների նախարարությանը։