Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան ընտրելու մրցույթի վերաբերյալ խորհրդարանի ղեկավարը հասարակական կազմակերպությունների հետ այսօր՝ նոյեմբերի 23-ին, հանդիպում կանցկացնի: Հանդիպմանը բացի տեղական կազմակերպություններից կմասնակցեն նաեւ միջազգային եւ դոնոր կազմակերպությունները:
Ներկայիս ՄԻՊ Ուչա Նանուաշվիլիի իրավասություններն ավարտվում են դեկտեմբերի 7-ին: Այս պահի դրությամբ օմբուդսմենի թեկնածուներն են Սոփո Խորգուանին եւ Սոփո Ջափարիձեն, սակայն հասարակական կազմակերպություններն առաջադրում են եւս 4 թեկնածուների՝ Նինո Լոմջարիա, Անա Նացվլիշվիլի, Զվիադ Քորիձե, Վախուշտի Մենաբդե:
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամները համոզված են, որ կընտրվի լավագույն թեկնածուն:
«Այսօրվա հանդիպումը շատ կարևոր է։ Մենք լրացուցիչ քննարկումներ կունենանք եւ համոզված եմ՝ լավագույն թեկնածուին կընտրենք: Երբ հարցը վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանի թեկնածությանը, ժողովրդավարական նկրտումներ ունեցող պետությունը պետք է ընտրի պրոֆեսիոնալ, օբյեկտիվ մարդու»,- հայտարարել է «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն: