Արդեն 15 ժամից ավելի Թբիլիսիի ծայրամասերից մեկում գտնվող Մոսկովյան պողոտային հարակից Գաբրիել Սալոսի փողոցի վրա հատուկջոկատայիններն իրականացնում են հատուկ գործողություն։
Ըստ «Ինտերպրեսնյուս» լրատվականի՝ հատուկջոկատայինները նախ շրջապատել են գործողության տարածքը, տարհանվել են նաև տեղի բնակիչները։ Իսկ արդեն վաղ առավոտյան սկսվել է շենքի գրոհը, որտեղ ենթադրաբար գտնվում է երկու ահաբեկիչ։ Շուրջ մեկ ժամ լսվել են կրակոցի և պայթյունի ձայներ, որից հետո ժամանել են շտապ օգնության մեքենաներ։
Ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության՝ վիրավորվել է մեկ հատուկջոկատային:
Դեպքի վայրում կենտրոնացվել են իրավապահ կառույցների լրացուցիչ ուժեր, բերվել է հատուկ տեխնիկա։
Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ հատուկ գործողությունն իրականացվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունեցող անձանց դեմ:
Ըստ տեղի բնակիչների՝ շենքում ապրում են օտարերկրացիներ, որոնք մի քանի բնակարան են վարձում: Մեկ այլ վարկածի համաձայն՝ անձինք, որոնց փորձում են ձերբակալել իրավապահները, Պանկիսի կիրճից են:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունն ու պետական անվտանգության ծառայությունն առայժմ մեկնաբանություններ չեն տալիս։