Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը Ուկրաինայից մի խումբ Վրաստանի քաղաքացիների արտաքսման հարցի շուրջ պարզաբանումներ ներկայացնելու նպատակով խորհրդարան է հրավիրել արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին:
Կուսակցության առաջնորդներից Ռոման Գոցիրիձեն հայտարարել է, որ արտաքին գերատեսչությունը հարցի շուրջ պետք է մանրամասն բացատրություն ներկայացնի հասարակությանը։
«Չենք հավատում այն հայտարարություններին, թե իբր վրացական կողմը չի մասնակցել այս գործարքին․ անհնար է՝ Վրաստանի իշխանությունները նախապես տեղեկացված չլինեին 25 զինված ուկրաինացիների ուղեկցությամբ Վրաստանի տարածքային ջրերում Վրաստանի քաղաքացիներին տեղափոխող նավի հայտնվելու մասին: Լուրջ կասկածներ ունենք, որ սա միասնական գործողություն է եղել, որը դեմ է երկու երկրների սահմանադրությանն ու միջազգային իրավունքի նորմերին»,- հայտարարել է Ռոման Գոցիրիձեն: