Ուկրաինայից արտաքսված Վրաստանի 8 քաղաքացիները Փոթիի նավահանգստում են: Նոյեմբերի 16-ի երեկոյան Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր երկրից 8 քաղաքացիների վտարման մասին՝ պատճառաբանելով, թե նրանց գործունեությունը «հակասում է ազգային անվտանգության շահերին»: Վրաստանի երրորդ նախագահ և Ուկրաինայի ընդդիմադիր «Նոր ուժերի շարժում» կուսակցության հիմնադիր Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, թե բոլոր այդ մարդիկ այս կամ այն կերպ կապ ունեին իր հետ և սատարում էին Ուկրաինայում իր ընդդիմադիր գործունեությանը: Մասնավորապես՝ այդ քաղաքացիների շարքում են կամավոր Վանո Նադիրիձեն, «Ռուսթավի 2» հեռուստաընկերության օպերատոր Թամազ Շաշիաշվիլին, ով լուսաբանում էր Սաակաշվիլիի գործունեությունը, ինչպես նաև Սաակաշվիլիի նախկին թիկնապահ Զուրաբ Ցիցնաձեն:
Սահմանային և անցակետային բոլոր գործողություններն անցնելուց հետո հայրենիք վերադարձած քաղաքացիները հանդիպել են հարազատներին, լրագրողների հետ զրույցում առաջին մեկնաբանություններն արել: Օպերատոր Թամազ Շաշիաշվիլին պատմել է, որ ինքը տանն է եղել, երբ ներս է ներխուժել մոտ 15 մարդ, ատրճանակով հարվածել նրա դեմքին, կապել աչքերն ու ձեռքերը կպչուն ժապավենով, ապա նրան դուրս հանել տնից ու տեղավորել մեքենայի բեռնախցիկում, ընթացքում նաև ծեծել են։ Օպերատորին տեղափոխել են հավանաբար օդանավակայան, ուղղաթիռ խցկել, գցել հատակին, ասում է՝ հավանաբար Օդեսա տեղափոխվեցին: Շաշիաշվիլին նաև ասել է, որ վտարված քաղաքացիների թիվն ութից շատ է:
Ուկրաինայի պետական միգրացիոն ծառայությունը չեղարկել է Շաշիաշվիլի՝ ժամանակավոր կեցության իրավունքը: Շաշիաշվիլին վստահեցնում է, որ ինքը Ուկրաինայի տարածքում օրինական է բնակվել: Նա ուղիղ եթերում ցույց է տվել միջադեպից մեկ շաբաթ առաջ Ուկրաինայի տեղեկատվական քաղաքականության նախարարությունից ստացված նամակը, որը հաստատում է, որ իր բնակությունը Ուկրաինայում օրինական է:
Հարկ է նշել, որ Ուկրաինայում Վրաստանի դեսպանատունը միջադեպի հետ կապված հատուկ հայտարարություն է տարածել։ Երկրի դիվանագիտական ներկայացուցչությունից հայտնել են, որ տեղեկացված են տեղի ունեցածի մասին և մշտապես կապի մեջ են Ուկրաինայի արտգործնախարարության և համապատասխան գերատեսչությունների հետ, իսկ արտաքսման պատճառների մասին խոսելիս՝ դեսպանատունը հղվել է Ուկրաինայի անվտանգության ծառայությանը: