Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը Twitter-ում գրառում է կատարել,
ըստ որի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների եւ համանախագահների մասնակցությամբ` Վիեննայում սկսվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը:
Ծրագրվում է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը` Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոյի հետ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է.
«Մենք այս երեկո շատ կարևոր հարցեր ունենք քննարկելու նախագահների հետ: Առաջինը և ամենակարևորը՝ մենք ակնկալում ենք, որ երկու նախագահները մեզ կվստահեցնեն, որ 1994-95 թվականների հրադադարի համաձայնագրերը պահպանելու են: Մենք նաև ակնկալում ենք քննարկել վստահության բարձրացման միջոցների մասին: Մենք ուզում ենք սկսել բանակցություններ, որոնք կավարտվեն համապարփակ կարգավորմամբ, մինչդեռ, քանի դեռ պատերազմական գործողությունները շարունակվում են, նման բանակցություններ վարել հնարավոր չէ: Այս առումով՝ ես վստահ եմ, որ նախարարները նախագահների հետ կքննարկեն հավասարակշռության վերահաստատման մեխանիզմները, վստահության բարձրացման միջոցները, ինչպես նաև անհրաժեշտ հումանիտար քայլերը: Մենք նաև հույս ունենք, որ նախագահները կհամաձայնեն առաջ շարժել բանակցային գործընթացը համապարփակ կարգավորման ուղղությամբ»:
«Հայկական ժամանակ» պարբերականը գրում է` Այնումենայնիվ, փորձագետները մեծ հույսեր չեն փայփայում Վիեննայի հանդիպման հետ: Օրինակ, Ռուսաստանի Ազգային ռազմավարության հարցերով խորհրդի գլխավոր տնօրեն Վալերի Խոմյակովը Коммерсант-ի հետ զրույցում ասել է, թե Սարգսյան-Ալիեւ հանդիպումից պետք չէ շատ բան ակնկալել, քանի որ Բաքվի ու Երեւանի հակամարտության հիմքում բազմամյա հակասություններն են:
«Շատ կարեւոր է, որ երկու նախագահները հանդիպեն։ Տեսնենք, թե ինչպես են նրանք միմյանց հետ շփվելու, միմյանց ձեռք կսեղմեն արդյոք եւ այլն. այդ մանրուքները երբեմն շատ բանի մասին են խոսում։ Առաջին քայլը՝ ինչպես դա տեղի կունենա, կարող է որոշակի հիմք ստեղծել այդ կրքերի հետագա աստիճանական հանդարտեցման համար»,— ասել է Խոմյակովը։
Իր հերթին, Հումանիտար-քաղաքական հետազոտությունների միջազգային ինստիտուտի փորձագետ Վլադիմիր Բրուտերը կարծում է, որ բախումների դադարեցման համար հիմք կա։ Նրա խոսքով, քաղաքական կարգավորումը ներկայումս նույնքան հեռու է, որքան 10,15, 20 տարի առաջ։
Լուսանկարները` Panorama.am-ի, hetq.am-ի և azatutyun.am-ի