Թմրամիջոցների դեմ պայքարի հարցում Վրաստանի օդանավակայաններում ՆԳՆ-ի աշխատակիցներին օգնում են հատուկ վարժեցված շները:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը վեց նոր ծառայողական շուն է ձեռք բերել, որոնք կօգնեն վրաստանյան ոստիկաններին թմրանյութերի շրջանառության դեմ պայքարում: Այս մասին խոսվում է գերատեսչության պաշտոնական կայքում:
Ամերիկայի Միացյալ Նահանգները Վրաստանում իրականացնում է K9 կինոլոգիական ծրագիրը, որը նախատեսում է պայքար թմրանյութերի տարածման և դրանց հետ կապված հանցագործությունների դեմ: Ծառայողական շները Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում Վրաստանի ՆԳՆ-ին են փոխանցվել կինոլոգիական ուսումնական ծրագրի փակման շրջանակներում: Ծրագրի շրջանակներում վերապատրաստված ՆԳՆ-ի պարեկային ոստիկանության աշխատակիցները շների օգնությամբ աշխատանքի են անցնելու Քութայիսիի և Բաթումիի օդանավակայաններում՝ թմրանյութերի տեղափոխման դեպքերը կանխելու ուղղությամբ:
Ուսումնական գործընթացը ներառել է երկու փուլ՝ առաջինն անցել է ԱՄՆ-ում, երկրորդը՝ Վրաստանում: Ծրագիրը հաջողությամբ հաղթահարել է պարեկային ոստիկանության ութ և սահմանային ոստիկանության երկու աշխատակից: