Տնտեսագետները կառավարությանը կոչ են անում փոխել ակցիզի մասին օրենքը: Մասնագետները պնդում են, որ ծխախոտի ակցիզի գինը կարգավորող օրենքի թերությունների հետեւանքով երկրի բյուջեն վերջին 9 ամսվա ընթացքում նվազել է 50 միլիոն լարիով: Այս մասին տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:
Ծխախոտ արտադրող կազմակերպություններն օգուտն ավելացնելու նպատակով ֆիլտրով ծխախոտը 2 մասի բաժանված են վաճառում, քանի որ առանց ֆիլտրի ծխախոտն ավելի պակաս գնով է վաճառվում: Համապատասխանաբար, առանց ֆիլտրի ծխախոտի հետ միասին վաճառվում է ֆիլտր, որի համար սպառողներն առանձին գումար են վճարում, մինչդեռ արտադրողը վճարում է առանց ֆիլտրի ծխախոտի համար սահմանված հարկը:
Սա արտադրողների նոր հնարքն է, որպեսզի պակաս գումար ծախսեն եւ ավելին շահեն:
Մասնագետները կասկածում են, որ համապատասխան հաստատությունում առանց ֆիլտրի ծխախոտ արտադրող որոշ գործարարների լոբբինգ է արվում: Խոշոր արտադրողներից մեկը «Օմեգա ջգուփին» է, որի սեփականատերը «Հայրենասերների դաշինք» կուսակցության ցուցակով Աջարիայում պատգամավոր Զազա Օքուաշվիլին է:
Այս պահին նա Վրաստանում չէ: Նրա կինը, որը նույնպես «Հայրենասերների դաշինքի» եւ խորհրդարանի անդամ է, բացառում է ամուսնու բիզնեսի պաշտպանության նպատակով քաղաքական ազդեցության հնարավորությունը: