Բաթումիի դպրոցներից մեկի 11-րդ դասարանի աշակերտուհին մեղադրում է ուսուցչին սեռական բռնության մեջ: Դպրոցի տեսուչը «Ռուսթավի 2» հեռուստաընկերության լրագրողներին պատմել է աշակերտի նկատմամբ սեռական ոտնձգության փաստի մասին: Տեսուչն ասել է, որ 11-րդ դասարանի աշակերտուհին մանրամասնորեն պատմել է սեռական բնույթի բռնության մասին, որն իրականացրել է ուսուցիչը:
Տարածված տեղեկատվության համաձայն, ուսուցիչն աշակերտին անհատական դասընթաց անցկացնելու նպատակով հրավիրել է վարձակալած բնակարան, որտեղ իրականացրել է սեռական ոտնձգություններ: Սեռական բռնություն իրականացնելու մեջ մեղադրվող ուսուցիչը կտրականապես ժխտել է մեղադրանքները՝ ասելով, թե աշակերտն ամեն ինչ հորինել է, քանի որ մինչ այդ միջադեպ է տեղի ունեցել դասի ժամանակ։
Ուսուցիչը պնդում է, թե դասի ընթացքում նկատողություն է արել աշակերտուհուն, ինչը վեճի է վերաճել, այնուհետեւ ուսուցիչն աշակերտին տարել է դպրոցի տեսուչի մոտ, որտեղ էլ աշակերտուհին պատմել է սեռական ոտնձգությունների մասին:
Գործն արդեն մի քանի օր հետաքննվում է ներքին գործերի նախարարության կողմից, չնայած դպրոցի տնօրենը տեղի ունեցածի մասին տեղեկատվություն չունի:
Կրթության նախարարության հատուկ հանձնաժողովը քննում է, արդյոք ուսուցիչը խախտել է օրենքը՝ աշակերտի հետ գումարի դիմաց անհատական դասընթացներ անցկացնելով:
Բաթումիի հանրային դպրոցում տեղի ունեցածի վերաբերյալ հետաքննություն է ընթանում սեռական բնույթի բռնի գործողությունների հոդվածով: