Վրաստանի Ախալքալաքի շրջանի Հեշտիա գյուղում նոյեմբերի 1-ից երիտասարդների համար կգործի գյուղում գտնվող կաթոլիկ եկեղեցուն կից «Կարիտաս» բարեգործական հիմնադրամի նորաբաց կենտրոնը: Գյուղի բնակիչները հնարավորություն կունենան մասնակցելու վրացերենի, անգլերենի դասընթացների, ինչպես նաեւ կհաճախեն երգի, պարի եւ համակարգչային գիտությունների խմբակներ: Հոկտեմբերի 31-ին Հեշտիայում տեղի ունեցավ կենտրոնի պաշտոնական բացումը, որին մասնակցեցին «Կարիտաս» հիմնադրամի նախագահ Տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մանասյանը, տնօրեն Անահիտ Մխոյանը եւ կենտրոնի ֆինանսավորումն ապահովող «Մերձավոր արեւելքի կաթոլիկների բարեկեցության ասոցիացիայի» (CNEWA) ներկայացուցիչ Մայկլ Լա Չիվիտան:
«Կարիտաս Վրաստանի» տնօրեն Անահիտ Մխոյանը «Ալիք մեդիայի» հետ զրույցում պատմեց կենտրոնի առավելությունների ու խնդիրների մասին.
«Լինելու է համակարգչային սենյակ, որը դարձնելու ենք ավելի պրոֆեսիոնալ, այստեղ երեխաները ծրագրավորում կսովորեն, ինչի արդյունքում ավելի հեշտությամբ կկարողանան աշխատանք գտնել: Սա թույլ կտա երեխաներին ավելի երկար մնալ գյուղում, հրաշալի կլինի եթե կարողանանք կանխել միգրացիան: Ինչ վերաբերում է խնդիրներին, ծրագրավորման մասնագետներ գյուղում չկան, այդ պատճառով ստիպված ենք վերապատրաստել ապագա մասնագետին: Մեծ ներդրում է կատարվելու նպատակին հասնելու համար»։
Կենտրոն ստեղծելու մտահղացումը ծնվել է դեռեւս 5 տարի առաջ, տարիների ընթացքում «Կարիտասի» ներկայացուցիչները զարգացրել են այն, ի վերջո 2017 թվականի հուլիսին ձեռք բերել գյուղի կաթոլիկ եկեղեցու հարակից տարածքում գտնվող շինությունը եւ մեկնարկել նորոգման աշխատանքները: Արդեն մի քանի ամիս անց շինությունն ամբողջովին ձեւափոխված է՝ հագեցած դասընթացների համար անհրաժեշտ գույքով:
«Այստեղ չկար պատուհան, պատերն ու հատակն ավիրված էր, մի քանի ամիս անց մենք արդեն այս գեղեցիկ շենքում ենք: Այլ հարց է, թե ինչ է կատարվելու այս շենքի ներսում. երեխաները հաճախելով տարբեր խմբակներ՝ միասին զարգանալու հնարավորություն կունենան», -հիշելով շենքի նախնական տեսքը՝ ասում է Մայկլ Լա Չիվիտան։
Կենտրոնի բացումը ծրագրվել է տեղի քահանաների եւ արքեպիսկոպոսի կողմից: «Կարիտաս հիմնադրամի» նախագահ Տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մանասյանը կարեւորեց Ջավախքում երիտասարդական անդրանիկ կենտրոնի բացումը.
«Ջավախքում առաջին կենտրոնի բացումն էր, բայց ոչ առաջին գործը: Ոչ միայն երիտասարդական, այլ նաեւ առողջական խնդիրներ եւ անապահով երեխաների հետ կապված աշխատանքներ եւ ծրագրեր ենք իրականացնում Ջավախքում: Այս բոլորը «Կարիտաս Վրաստանի» առաքելությունն է»։
Կենտրոնի բացման արարողությունը շարունակվեց մշակութային ձեւաչափում. երգով ու պարերով հանդես եկան Թբիլիսիից ժամանած պարի խմբակները եւ տեղի բնակիչները: