Բարեկարգվել են Վերե գերեզմանատանը հանգչող հայորդիների շիրմաքարերը

Թբիլիսի քաղաքի Վերե գերեզմանատունը հիմնվել է 19-րդ դարի 30-ականներին և ի սկզբանե եղել է միայն հարուստ և ազնվական ծագում ունեցող մարդկանց հուղարկավորման վայր:

Գերեզմանատանը հանգչում են հայ հասարակական գործիչներ, գիտնականներ, որոնք զգալի ներդրում են ունեցել տարբեր ոլորտների զարգացման գործում:

Ինչպես տեղեկացնում է Վիրահայոց թեմի մամուլի ծառայությունը` Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի նախաձեռնությամբ և բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի գլխավորությամբ, թբիլիսահայ երիտասարդների խումբը բարեկարգեց գերեզմանատան հայորդիների շիրմաքարերը, շրջակայքը մաքրեց կուտակված աղբից: Երիտասարդ ակտիվիստների խումբը մասնակցել են Թիֆլիսում ապրած ազնվատոհմ քաղաքացիներ Խուդատովի, Մելիք-Ազարյանցի, Գիրգիդովի, Էնիկոլոպովների շիրիմների, խոշոր սեփականատեր-գործարարներ Յուզբաշևների, Անանովների, Նամուրադյանցի, Բոզրջյանցի, լեզվաբան և հայագետ Շահան Ջրպետյանի և նրա կնոջ, ճարտարապետ Գաբրիել Տեր- Միքելովի դամբարանների բարեկարգմանը: Դրանք քաղաքի այն նվիրյալների շիրիմներն են, որոնց հարազատները խորհրդային տարիներին աքսորվել, գնդակահարվել կամ տեղափոխվել են արտասահման:

Հայ առաքելական եկեղեցու շուրջ համախմբված երիտասարդները, առաջնորդվելով` «եթե ուզում ես կերտել ապագան՝ հիշիր անցյալը» կարգախոսով, պարբերաբար շաբաթօրյակներ են կազմակերպում ինչպես հայոց մեծերի Խոջիվանքի պանթեոնում, այնպես էլ Վերեի, Պետրեպավլեի գերեզմանոցներում: Երիտասարդական բաժնի ղեկավարի խոսքերով` այսօրինակ գործունեությունը չի սահմանափակվի միայն Թբիլիսիով:

Լուսանկարները` http://armenianchurch.ge/hy/lurer/34-news/1125-vera

 

Թողնել պատասխան