Թբիլիսիի նորընտիր քաղաքապետ Կախա Կալաձեն հանդիպել է տրանսպորտի ոլորտում աշխատող փորձագետների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացնում են «Վրացական երազանք» կուսակցությունից, հանդիպմանը անդրադարձ է եղել ոլորտում իրականացված բարեփոխումներին և հետագա ծրագրերին:
Հանդիպման ավարտին Կալաձեն հայտարարել է, որ առաջիկա տարիներին հասարակական տրանսպորտի կարգավորման վերաբերյալ կոնկրետ ծրագրեր են իրականացնելու:
«Տրանսպորտային քաղաքականությունը մեր նախընտրական ծրագրի ամենակարևոր կետերից մեկն էր: Հետևաբար, կարևորում ենք բարեփոխումներն ու կոնկրետ ծրագրերի իրականացումը: Պատրաստվում ենք համագործակցել, կոնկրետ քայլեր անել, որպեսզի հասարակական տրանսպորտն ու ընդհանրապես համակարգը մայրաքաղաքում կարգավորվի»,- հայտարարել է Կալաձեն: