Պարեկային ոստիկանությանն ամրակցված տեսախցիկները, ինչպես նաև արտաքին հսկողության սարքերը չեն արձանագրել ձերբակալության ընթացքում տղամարդու մահվան պահը: Այս մասին հաղորդում է տարածել Վրաստանի դատախազությունը:
Խոսքը հոկտեմբերի 25-ի դեպքի մասին է: Երեկոյան Թբիլիսիի Նուցուբիձե փողոցի բնակելի շենքերից մեկի բնակիչները ստիկանություն են ահազանգել՝ հարևանների միջև բռնկված կոնֆլիկտի պատճառով: Ոստիկանությունը տեղում հարթել է կոնֆլիկտը, սակայն ավելի ուշ նրանց մոտեցել է երիտասարդ տղամարդ, հավանաբար ոչ սթափ վիճակում, ըստ տեղեկությունների՝ վիրավորական արտահայտություններ արել իրավապահ մարմինների ներկայացուցիչների և նրանց ահազանգած բնակիչների հասցեին: Ըստ պաշտոնական վարկածի՝ իրավապահները մի քանի անգամ փորձել են տղամարդուն հանդարտեցնել, սակայն նա չի ենթարկվել օրինական պահանջներին, դարձել է ավելի ագրեսիվ: Ոստիկանությունը ձերբակալության որոշում է կայացրել, ձերբակալման պահին տղամադն անսպասելի իրեն վատ է զգացել, ապա տեղում մահացել:
Միջադեպի հաջորդ օրը գործը հանձնվել է Վրաստանի դատախազություն, քննություն է սկսվել «անզգուշությամբ կյանքից զրկելը» հոդվածով: Ըստ դատախազության՝ դեպքի մանրամասները ճշտելու նպատակով ուսումնասիրվել են ձերբակալությունն իրականացրած ոստիկանների տեսախցիկները, պարեկային ոստիկանության մեքենայի, ինչպես նաև տեղի միակ արտաքին հսկողության սարքի ձայնագրությունները: Պարզվել է, որ ձերբակալության պահին ոստիկանության երկու աշխատաիկցներին ամրակցված տեսախցիկները միացված չեն եղել: Չկան ձայնագրություններ նաև ոստիկանության մեքենայի տեսախցիկում, միջադեպը չի ֆիքսել նաև դեպքի վայրում տեղակայված տեսախցիկը:
Դատախազությունը նշում է, որ հավելյալ փորձաքննություններ են նշանակված, արդեն հարցաքննվել է 20 վկա: