«Վրաստանի Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխություններ կատարելու համար հիմնական շարժառիթը ոչ թե դատական իշխանության թուլացումը, այլ` քաղաքական ազդեցությունից նրա լիակատար ազատականացումն է:»
Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի` մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Էկա Բեսելիան` խորհրդարանի լիագումար նիստին` օրինագծի երրորդ ընթերցման ժամանակ: Նրա պարզաբանմամբ` նախագծի վերջնական տարբերակում փոփոխություններ կատարվել են` հաշվի առնելով մինչ այդ արված բոլոր առաջարկությունները.
«Ամենայն անկեղծությամբ կարող եմ ասել, որ փոփոխությունների հիմնական շարժառիթը ոչ թե դատարանի թուլացումն է, այլ` քաղաքական ազդեցությունից այդ համակարգի լիակատար ազատականացումը: Դատարանը, ցավոք սրտի, ուներ այդպիսի բեռ: Մենք ցանկանում ենք, որպեսզի դատական համակարգն ունենա ավելի շատ անկախություն: Դրա ապացույցն այն է, որ դատարանի ղեկավարը կընտրվի հենց դատարանի կողմից, ինչը տեղի կունենա առաջին անգամ: Այսինքն դատարանի նախագահի ընտրության գործընթացում Խորհրդարանը ներգրավված չի լինի, ինչպես նաեւ ներգրավված չի լինի Գերագույն դատարանը:»
Ըստ խորհրդարանի հանձնաժողովի նախագահի` այս օրենքի ընդունմամբ, այլեւս հնարավոր չի լինի սահմանափակել դատավորի իրավունքները, դատավարության ընթացքի արհեստական ձգձգումներ, ինչպես նաեւ գոյություն կունենա 10-ամյա սահմանադրական ժամկետ: Դատավորը կիմանա, որ 10 տարուց ավել չի երկարացվի նրա պաշտոնավարման ժամկետը:
Պատգամավորը կարեւոր է համարում, որ ընտրական վեճերի, ընտրական արդյունքների հետ կապված հարցերը քնարկելու է Սահմանադրական դատարանը, ինչը այդ մարմնին էլ ավելի բարձր լեգիտիմություն կշնորհի. «Մենք վստահում ենք յուրաքանչյուր քաղաքացու, որը հանդես է գալիս Սահմանադրական դատարանում, սակայն ներկա օրենքով ընդամենը երկու դատավոր կարող է որոշում ընդունել օրենքը կասեցնելու վերաբերյալ: Նոր օրենքը կբարձրացնի Սահմանադրական դատարանի նկատմամբ վստահությունը, ինչը կնպաստի համակարգի կայուն գործունեությանը»,- հայտարարել է Էկա Բեսելիան:
Պատգամավորի պարզաբանմամբ` Սահմանադրական դատարանը չպետք է լինի քաղաքական մարմին, կոչ անելով համատեղ ուժերով հասնել դատական իշխանության ուժեղացմանը: Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: