Վերջին ամիսներին, Վրաստանի հանրային-քաղաքական շրջանակներում եւ մամուլում քննարկումների կիզակետում է հայտնվել Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին:
Խոսվում է այն մասին, որ վերջինս, Թբիլիսիի Բուսաբանական այգու հաշվին փորձում է ընդլայնել իր տան տարածքը: Ենթադրվում է, որ տարիներ առաջ Իվանիշվիլին ձեռք է բերել Թբիլիսիի բուսաբանական այգու ` շուրջ 4 հա տարածք: Այս ամսվա սկզբին` մայիսի 3-ին, Թբիլիսիի քաղաքապետարանի հայտարարած աճուրդի ընթացքում, Իվանիշվիլիի հետ ուղիղ կապ ունեցող կազմակերպությունը 6 մլն. 326.495 լարիով գնել է նաև բուսաբանական այգու հարակից` 29 հա հողատարածքը:
Հատկանշական է, որ աճուրդում հաղթող է ճանաչվել միակ մասնակից ընկերությունը` «Համաներդրումային հիմնադրամը»: Այս ընկերությունը ստեղծվել է Բիձինա Իվանիշվիլիի աջակցությամբ` դեռեւս 2013թ-ին: Կազմակերպությունը հիմնադրելու ժամանակ Իվանիշվիլին հայտարարել էր, թե հիմնադրամի գործունեության համար պատրաստ է ներդնել 1 մլրդ ԱՄՆ դոլար:
Վրաստանի ընդդիմադիր`«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, որը 2012թ. խորհդարանական ընտրությունների արդյունքում իշխանությունը զիջեց Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած «Վրացական երազանքին», բուսաբանական այգու հողատարածքները Իվանիշվիլիին հանձնելու մասին որոշումները համարում է անօրինական:
Կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիան եւ Թբիլիսիի սակրեբուլոյի` (ավագանու) միեւնույն կուսակցության անդամ Իրակլի Աբեսաձեն, Բուսաբանական այգում վերջերս հրավիրած մամուլի ասուլիսում քաղաքապետ Դավիթ Նարմանիային վերջնաժամկետ (3 ժամ) են ներկայացրել` մայիսի 3-ի աճուրդը չեղյալ հայտարարելու համար: Ըստ Մելիայի` «Բիձինան Սոլոլակի բարձրունքում գտնվող տան տարածքին այգու` 4 հա տարածքն ավելացրել է գաղտնի կերպով»: Ըստ փաստաթղթերի` տարածքը տնօրինում է «ֆինսերվիս 21» ընկերությունը, որի վրա է գրանցված Իվանիշվիլիի բիզնես կենտրոնը:
Այգու շուրջ աղմուկի մեկ այլ պատճառ դարձավ Կրծանիսի-Շինդիսի ավտոճանապարհի կառուցման նպատակով հարյուրավոր ծառահատումները, գազատարի տեղափոխումը և այդ նպատակով քաղաքապետարանի կողմից ծախսված 700.000 լարին: Ընդդիմության ներկայացուցիչն այս մասին ահազանգելով` նաև նշում է, թե այս պահին ակնհայտ է, որ նոր ճանապարհը չի կառուցվելու:
Մայիսի 3-ին վաճառվեց հենց այն տարածքը, որտեղ նախատեսվում էր կառուցել ավտոճանապարհը. «Այս պահի դրությամբ մեր պահանջն այն է, որ Բիձինա Իվանիշվիլին վերադարձնի Բուսաբանական այգուն պատկանող տարածքը, իսկ օրվա ընթացքում Նարմանիան քաղաքապետարանի ապօրինի որոշումը չեղյալ հայտարարի»,- ասուլիսի ընթացքում հայտարարել էր Մելիան:
Ի դեպ, ասուլիսի ընթացքում միջադեպ է արձանագրվել` Բուսաբանական այգու տնօրենի եւ բողոքի ակցիայի մասնակիցների միջեւ: Ի պատասխան, Թբիլիսիի քաղաքապետարանը հրապարակեց մի փաստաթուղթ, որտեղ նշված էր, թե քաղաքապետարանը դրական է գնահատում այգու սահմանների հստակեցման գործընթացը, ընդգծելով նաև, որ փոփոխության ենթարկված տարածքն ի սկզբանե չի ընդգրկվել Բուսաբանական այգու՝ որպես պատմական հուշարձանի տարածքում: Բացի այդ` քաղաքապետարանը հայտարարեց, որ այս ընթացքում ոչ մի տեսակի բույս չի վնասվել: Թբիլիսիի քաղաքապետարանը այս գրությամբ հանրությանը կոչ արեց նաև մակերեսորեն չնայել իրադարձություններին՝ Բուսաբանական այգու հետաքրքրությունները պաշտպանելու եւ չվնասելու նպատակով:
Ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով` Միացյալ ազգային շարժման անդամներ Իրակլի Աբեսաձեն և Սեւդիա Ուգրեխելիձեն, քաղաքապետ Դավիթ Նարմանիային հրավիրեցին մասնակցել համատեղ նիստի, ինչին ի պատասխան, Նարմանիան հայտարեց, որ բոլոր հարցերի պատասխաններն ինքն ու քաղաքապետարանի աշխատակիցները արդեն տվել են: Այսպիսով` մայիսի 3-ին տեղի ունեցած աճուրդի արդյունքում, Թբիլիսիի բուսաբանական այգու` շուրջ 29 հա տարածքը ձեռք բերեց «Ներդրումային հիմնադրամ»-ը, ինչի վերաբերյալ քաղաքապետարանը պաշտոնական հայտարարարություն տարածեց. «Ավարտվեց Թբիլիսիի գույքի կառավարման գործակալության կողմից հայտարարված աճուրդը, որին ներկայացված էր 29 հա հողատարածք: Այս պահին ընթանում են օրենքով նախատեսված ընթացակարգերը: Աճուրդում հաղթողը պարտավոր է սահմանված ժամկետում սկսել 80 տեղանոց հյուրանոցային համալիրի կառուցման աշխատանքները»:
Քաղաքապետարանի հայտարարությունում նաև նշվում է. «Ելնելով այս գործընթացի բարձր հանրային հնչեղություն ունենալու իրողությունից` տեղեկացնում ենք, որ նշված 29 հա տարածքը երբևէ չի պատկանել Բուսաբանական այգուն»: Իր հերթին աճուրդում հաղթող ճանաչված հիմնադրամի ղեկավար Իրակլի Քարսելաձեն հայտարարեց, որ համաձայնագիրը ստորագրելուց հետո, հիմնադրամը կզբաղվի պարտավորությունների իրականացմամբ. «Սա մեր քաղաքի համար հիանալի ծրագիր է: Մենք պատրաստվում ենք կառուցել նորը՝ հինը պահպանելով: Այս ամենը հասանելի է լինելու բոլորին»:
Քարսելաձեն նաեւ հստակեցրել է, որ կտրված ծառերի քանակը չի հասնում 500-ի. «Խոսքը 394 ծառի մասին է» ,- ասել է նա` պատրաստակամություն հայտնելով նաև տարածքը փոխանցել այն կազմակերպությանը, որը ցանկություն կունենա այս ամենն իրականցնել: Միացյալ ազգային շարժման անդամները, սակայն, շարունակում են պնդել, որ «Թբիլիսիի քաղաքապետարանը ամեն կերպ աջակցում է օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիին»: Վերջինս, ըստ ընդդիմադիրների, մտադրվել է առանց սահմանների յուրացնել Թբիլիսիի կարեւորագույն տարածքները. «Բիձինա Իվանիշվիլին այսպիսով վնասում է Թբիլիսիի գեղատեսիլ վայրերից մեկը` 2007 թվականից հուշարձան համարվող Բուսաբանական այգին»,-ասում են ընդդիմության ներկայացուցիչները:
Ի դեպ, մի քանի ամիս առաջ «ՋԻ-ԴԻ-ԷՍ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Իվանիշվիլին ասել էր, որ Բուսաբանական այգու տարածքների հարցով պարբերաբար իրեն զանգահարել է նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին: Վերջինս նրան հորդորել է ձեռք բերել հողատարածքները. «Սակայն ես ասացի, որ դա ժողովրդին է պատկանում և ես, եթե նույնիսկ ձեռք բերեմ այն, ապա դա անելու եմ կրկին ժողովրդին տալու նպատակով»,- հայտարարել էր Իվանիշվիլին:
Վրաստանի Մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեն, Ալիքի հետ ունեցած զրույցում անդրադառնալով հարցին` ասաց. «Բուսաբանական այգու սահմանները Թբիլիսիի քաղաքապետարանի ճարտարապետական գործակալության կողմից հաստատվել են դեռեւս 2000 թվականին: Ըստ այդմ, այգու սահմաներում ընդգրկվել է 81 հա տարածք, իսկ 2007-ին արդեն Բուսաբանական այգուն տրվեց հուշարձանի կարգավիճակ: Պետք է նշել, որ այգու սահմանների հստակեցման գործընթացը դեռեւս վերջնակապես ավարտված չէ: Ինչ վերաբերում է շրջանառվող 4 հա տարածքին, ապա այն այգու տարածքին չի պատկանում: Մշակույթի նախարարությունը չունի որեւէ փաստաթուղթ, որը կապացուցի, թե տարածքը յուրացվել է: Դա տեղի է ունեցել քաղաքապետարանի հետ համագործակցության արդյունքում:»