Արդեն 39-րդ օրն է, որ Թբիլիսիի կենտրոնական` Ռուսթավելի պողոտայում գտնվող նախկին Խորհրդարանի շենքի դիմաց Վրաստանի «Հայրենասերների դաշինք» կուսակցության մի խումբ ակտիվիստներ նստացույց և հացադուլ են անում: Նստացույցի առաջին օրերին գրավոր ներկայացված էին հացադուլավորների պահանջները: Դրանք բազմազան էին՝ օկուպացված տարածքների վերադարձ, վարկերի բարձր տոկոսների նվազեցում, օտարերկրացիներին վրացական հողերի վաճառքի արգելք: Նստացույցի մասնակցիցներից մեկը, ով գերադասեց չներկայանալ, ասում է , որ դեմ են չինացիներին, թուրքերին, արաբներին, հնդկացիներին Վրաստանի տարածքում հողեր գնելու իրավունքին.
«Իսկ ով ծնվել է իմ պետությունում, նրանք մերոնցական են, ես նրանց վրացի եմ համարում,օրինակ, հայերը մեր պատմական եղբայրներն են, այստեղ են ծնվել, այստեղ են ապրում, մենք այսպիսի արտահայտություն ունեն՝ վրացի հայ, լսե°լ եք, իսկ օտար ժողովրդին չեմ ուզում, որ այսքան շատ գան,ու իմ երկրում այսքան իրավունքներ ունենան: Մեր պահանջները շատ հստակ էին և արդարացի, սակայն ոչ միայն չկատարվեցին, այլևս արձագանքող չեղավ»:
Նստացույցի մասնակիցն ասում է՝ քանի որ պատկան մարմինները ոչ մի կերպ չեն արձագանքում, պահանջները փոխվել են, ավելի ճիշտ՝ պահանջների շարքը փոխարինվել է մեկով. Պետք է փոխվի այն կառավարությունը, որը չի հաղորդակցվում իր քաղաքացու հետ:
Պահանջների ցուցանակը փոխարինվել է՝ «Կվիրիկաշվիլի հրաժարական տուր»:
Հստակ չի , թե ինչ են անելու հրաժարականի պահանջը չկատարելու դեպքում, ասում է՝ շարժվում են ըստ կուսակցության հրահանգների: Վերջերս անցկացված Վրաստանի ՏԻՄ ընտրություններին չեն մասնակցել, դա նույնպես բոյկոտի մաս էր: Մեկ-մեկ սնվում են, մեկ-մեկ էլ տուն են գնում. Նստացույցը՝ նստացույցով, հացադուլը՝ հացադուլով, սակայն մեզ չենք սպանի հանուն կառավարությոան հրաժարականի, այդ պատճառով էլ հացադուլ եմ անում ընդմիջումներով՝ ասում է՝ մեր զրուցակիցն ու հույս հայտնում՝ վաղ թե ուշ փոփոխություններ կլինեն: