Թբիլիսիի թիվ 67 հանրակրթական դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների բողոքի ակցիան շարունակվում է: Այսօրվանից ի նշան բողոքի, աշակերտներն ու ուսուցիչները մտադիր են դադարեցնել կրթական գործընթացը:
Դպրոցում կենտրոնացված է ոստիկանությունը։
Ուսուցիչների մի մասն ասում է, որ դասեր չեն անցկացնի, մինչև դպրոցի տնօրեն Մարիամ Թավարթքիլաձեն չթողնի իր պաշտոնը։
«Մենք կշարունակենք բողոքի ցույցը, մինչև Մարիամ Թավարթքիլաձեն դիմում կգրի և կհեռանա դպրոցից, հակառակ դեպքում, ես անձամբ, ինքս կգրեմ դիմում և կհեռանամ դպրոցից», — ասում է դպրոցի ուսուցչուհի Ցիրա Նակղեուրին։
Դպրոցում դեռ լարված իրավիճակ է։ Միմյանց հակառակվել են ծնողներն ու ուսուցիչները։ Նրանցից ոմանք կրթական հաստատության մոտ բողոքի ցույցը և դասընթացի խաթարումը չարդարացված են համարում։
Հիշեցնենք, որ երեկ Թբիլիսիի թիվ 67 դպրոցի քիմիայի ուսուցիչ Դոդո Կեզուային չեն թույլատրել մուտք գործել դպրոց և նա ամբողջ օրն անցկացրել է փողոցում: Դպրոցի տնօրենը նրան հեռացրել է հատուկ որոշմամբ, որի համար հիմք են հանդիսացել մի քանի ծնողների բողոքները։ Նրանք ասում են, որ Կեզուան ֆիզիկական բռնություն է կիրառել և վիրավորանքներ է հնչեցրել աշակերտների հասցեին։ Մինչդեռ, հատկանշական է, որ ուսուցչի ազատումը աշակերտների մեծ մասը բողոքարկում է։