Եվրախորհրդարանի պաշտոնական կայքի հրապարակած հայտարարությունում նշվում է, որ նոր օրենքի համաձայն, ուսման գործընթացի կամ հետազոտական աշխատանքի ավարտից հետո ուսանողները եւ հետազոտողները իրավունք կունենան մնալ եւ աշխատանք որոնել երրորդ երկրում` ինը ամիս ժամկետով: Եվրախորհրդարանում համոզված են, որ մարդկանց կարողությունների զարգացումն ու կիրառությունը Եվրոպային մեծ օգուտ կարող են բերել:
Օրենքի համաձայն` հետազոտողները կունենան եւս մեկ արտոնություն: Նրանք հնարավորություն կունենան Եվրամիության երկրներ մեկնել ընտանիքի անդամների հետ միասին, ովքեր եւս կկարողանան օրինական կերպով աշխատել Եվրոպայում: Եվրախորհրդարանի պատգամավոր Սեսիլիա Ուիկստրոմը այս կապակցությամբ հայտարարել է, որ օրենքը ընդունելով` Եվրամիությունը գնահատել է բարձր որակավորում ունեցող մարդկանց բարեկեցության կարեւորությունը.
«Սա նշանակում է, որ եվրոպական համալսարանները աշխարհում ավելի մրցունակ ու գրավիչ կդառնան»,— հայտարարել է եվրոպացի օրենսդիրը: Ինչպես նշված է հրապարակված հայտարարության մեջ, օրենքը պաշտոնականապես ուժի մեջ կմտնի հրապարակման հաջորդ օրը: Ինչ վերաբերում է Եվրամիության անդամ երկրներին, ապա օրենքը պետք է պաշտոնապես հաստատվի ազգային մակարդակում ` առավելագույնը 2 տարվա ընթացքում: