Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ այսօր Վրաստանում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել է 1 մլն 262 հազար 809 քաղաքացի:
ԿԸՀ-ի մամուլի խոսնակ Անա Միքելաձեի հայտարարության համաձայն՝ վերոնշյալ թիվը կազմում է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 36.7 տոկոսը:
ԿԸՀ-ի տվյալներով, մասնակցության առավելագույն բարձր մակարդակ նկատվում է Ռաճա-Լեչխումիում՝ 53.4 տոկոս, ամենացածրը՝ Շիդա Քարթլիում՝ 31.5 տոկոս: Թբիլիսիում իրենց քաղաքացիական պարտքն են կատարել ընտրողների 34.7 տոկոսը:
Համեմատության համար նշենք, որ 2014 թվականի ՏԻՄ ընտրություններին 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը կազմել էր 34.64 տոկոս:
Ժամը 15:00-ի տվյալներով 29,84 տոկոս մասնակցություն է գրանցվել: Վրաստանի ողջ տարածքում ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 1 մլն 26 հազար 430 քաղաքացի:
ԿԸՀ-ի տեղեկատվության համաձայն՝ մասնակցության առավելագույն բարձր մակարդակ է գրանցվել Ռաճա-Լեչխումիի շրջանում, որտեղ ընտրողների 46 տոկոսն արդեն իսկ կատարել է իր ընտրությունը: Նվազագույն ակտիվություն է գրանցվել Շիդա Քարթլիում (25 տոկոս):
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին՝ Թբիլիսիում ժամը 15:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է բնակչության 27,7 տոկոսը:
Ժամը 12:00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը կազմել է 16.5 տոկոս կամ 567 հազար 699 ընտրող: