Իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Կախա Կալաձեի նախընտրական շտաբն ընդդիմադիր ուժերին մեղադրել է ընտրությունների ընթացքում լարվածություն ստեղծելու մեջ:
Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալակվաձեն, ով ղեկավարում է Կալաձեի շտաբը, հայտնել է, թե կուսակցություններն իրենց ներկայացուցիչներին հրահանգում են ինչքան հնարավոր է շատ բողոքներ ներկայացնել յուրաքանչյուր ընտրատեղամասում: Թալակվաձեն վստահ է, որ այս կերպ ընդդիմությունը նպատակ ունի ազդել ընտրությունների արդյունքների վրա:
«Ընտրություններն անցնում են խաղաղ պայմաններում: Ես ուզում եմ կոչ անել բոլոր ընտրողներին՝ գալ տեղամասեր և մասնակցել ընտրությանը»,-ասել է Թալակվաձեն:
Հարկ է նշել, որ ավելի վաղ բոլոր ընդդիմադիր ուժերն ու կուսակցությունները հայտարարել են, թե ընտրություններն ուղեկցվում են խախտումներով՝ իշխանությանը մեղադրելով «Կարուսել» կազմակերպելու և վարչական ռեսուրսն օգտագործելու մեջ:
Ընտրախախտումներ գրանցել են նաև տեղի հասարակական կազմակերպությունները, ժամը 13:00-ի դրությամբ ԿԸՀ մոտ 80 բողոք է ներկայացվել: