Հայկական համայնքը Վրաստանի սարերում նոր քաղաքապետեր է ընտրում. jam-news

Նախընտրական արշավն այստեղ քչերին է հետաքրքրում: Թեկնածուների թվում են նախկին գլխավոր դատախազն ու գլխավոր ոստիկանը

Նախընտրական արշավը Սամցխե-Ջավախեթեիում մոտ է ավարտին: Քաղաքապետի պաշտոնին հավակնող թեկնածուների և քաղաքական ուժերի մի մասն ակտիվ արշավ են անցկացնում, իսկ մյուս մասը ոչ մի կերպ չի արտահայտվում:

Բնակչության հետ հանդիպումները, որոնք կազմակերպվում էին արշավի շրջանակներում, աչքի էին ընկնում քիչ թվով մարդկանց մասնակցությամբ: Նրանց պասիվությունը, մի կողմից, բացատրվում էր դրանով, որ բնակչությունը հետաքրքրված չէ ընտրություններով, մյուս կողմից՝ աշնանային աշխատանքով դաշտերում:

Նախընտրական իրավիճակը Սամցխե-Ջավախեթիում

Սամցխե-Ջավախեթեիում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցում է 7 քաղաքական կուսակցություն: Տարածաշրջանի բոլոր 6 քաղաքներում նրանք ներկայացրել են քաղաքապետի իրենց թեկնածուներին: Այդ կուսակցությունները մասնակցում են քաղաքային սակրեբուլոյի ընտրություններին համամասնական և մեծամասնական ընտրակարգերով:

Սամցխե-Ջավախեթիի 6 քաղաքներում քաղաքապետի 35 թեկնածուից 14-ը էթնիկ հայեր են, երկուսին առաջադրել են նախաձեռնող խմբերն, այլ ոչ թե կուսակցությունները, կա մեկ կին՝ Անիվարդ Մոսոյանը, որը պայքարելու է Նինոծմինդային քաղաքապետի պաշտոնի համար: Նրան առաջադրել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը: Նախաձեռնող խմբերի առաջադրած թեկնածուներն են Անդրանիկ Կարլսյանը՝ Նինոծմինդայում և Լևան Ցաբաձեն՝ Ասպինձայում:

Ախալքալաք

Ախալքալաքում քաղաքապետի 6 թեկնածու կա, սակայն նրանցից միայն երկուսն են դիտարկվում որպես իրական թեկնածու՝ Յուրիկ Հունանյանն իշխող «Վրացական երազանքից» և Սամվել Պետրոսյանը «Վրաստանի հայրենասերների դաշինքից»: Ախալքալաքի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են Ռուբեն Մկրտչյանը («Գիորգի Վաշաձե – Նոր միասնական Վրաստան»), Հարություն Ալեքսյանը («Եվրոպական Վրաստան»), Զուրաբ Օզգեբաշվիլին («Ազգային շարժում») և Մելիք Ռայիսյանը («Դիմիտրի Լորտկիպանիձե, Կախա Կուկավա – Ժողովրդավարական շարժում»):

Ընտրությունների այլ մասնակցիների համեմատ Յուրիկ Հունանյանն ու Սամվել Պետրոսյանն ակտիվ նախընտրական արշավ են իրականացնում: Նրանք մի գյուղից մյուսն են գնում և ներկայացնում իրենց ծրագրերը: Ամեն օր նրանք հասցնում են լինել շրջանի 4-5 գյուղերում և խոստումների հարցում ժլատ չեն: Նրանք երկուսն էլ ժամանակին ուժային կառույցների բարձրաստիճան աշխատակիցներ են եղել: Յուրիկ Հունանյանն աշխատել է տեղի դատախազությունում, իսկ Սամվել Պետրոսյանը՝ ոստիկանությունում:

Յուրիկ Հունանյանն ընտրողների խոստանում է պայծառ ապագա, ջանասիրաբար աշխատել և լուծել նրանց խնդիրները:

«Սա այն կուսակցությունն է, որ միշտ կատարում է այն, ինչ պետք է անի, ի՛մ սիրելի ժողովուրդ: Հոկտեմբերի 21-ին ընտրությունների օրն է, և կոչ եմ անում բոլորին ժամանակ գտնել և գնալ ընտրատեղամասեր: Բոլոր կուսակցությունների գործունեությունը համեմատելով՝ ես եկել եմ այն եզրակացության, որ իշխող կուսակցությունը լավագույնն է: Ես կարծում եմ, որ այդ ճանապարհը կբերի ժողովրդավարական զարգացման: Այդ կուսակցության հետ մեկտեղ կարելի է աշխատել հանուն ժողովրդի բարեկեցության», – ասում է Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու Յուրիկ Հունանյանը:

«Հայրենասերների դաշինքի» կողմից առաջադրված Սամվել Պետրոսյանը 2012-2016թթ-ին խորհրդարանի պատգամավոր է եղել «Ազգային շարժումից»: Նա բնակչությանը բարեփոխումներ է խոստանում՝ սկսած շրջանային բյուջեի ավելացումից, ավարտած հայերի ցեղասպանության ճանաչմամբ:

«Մենք պետք է հասնենք այն նպատակին, որը կբերի հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչմանը: Մենք այն դրության մեջ ենք, որը մեզ նմանեցնում է միգրանտների: Ես կանեմ ամեն ինչ հայ-վրացական հարաբերությունների ուժեղացման համար: Երկու ազգերն էլ իմ հարազատ ազգերն են», – հայտարարել է Ախալքալաքի քաղաքապետ Սամվել Պետրոսյանն Աբուլի գյուղում ընտրողների հետ հանդիպմանը:

Քաղաքապետի թեկնածուներից տեղացիներին առավել քիչ է հայտնի Ռուբեն Մկրտչյանն ու Մելիք Ռայիսյանը: Ախալքալաքում նրանց մասին կատակում են՝ պարգև խոստանալով նրան, ով կգտնի նրանց:

Պակաս ակտիվ է Հարություն Ալեքսյանը, որը ներկայացնում է «Բակրաձե-Ուգուլավա-Եվրոպական Վրաստան» կուսակցությունը: Նա հաճախ չի անցկացնում նախընտրական հանդիպումներ, սակայն հաջողության հասնելու հույսը չի կորցնում:

«Կոռուպցիան օր օրի աճում է: Այն նախկինում էլ կար, սակայն ոչ այսպիսի մասշտաբների: Մենք պետք է աշխատատեղեր ստեղծենք և ավելացնենք կենսաթոշակներն», – ասում է Ալեքսյանը:

Քաղաքապետի ևս մեկ թեկնածու, նախկին խորհրդարանական Մելիք Ռայիսյանն ասում է, որ շրջանում օրենքը չի աշխատում, և հենց այդ խնդիրն է պատրաստվում լուծել.

«Ժողովուրդը վախեցած է, հատուկ ծառայությունների ճնշումն ուժեղ է, Վրաստանի Սահմանադրությունը չի գործում: Պարզապես ուզում եմ, որ գործեն օրենքներն ու բոլոր խնդիրները լուծվեն օրենքի համապատասխան»:

Ի՞նչ են մտածում քաղաքացիները

Սամցխե-Ջավախեթիի բանկիչները մի շարք խնդիրներ ունեն: Աշխատանքային տեղեր չկան: Ընտանիքների անդամները հաճախ մի քանի ամսով մեկնում են Ռուսաստան աշխատելու, որպեսզի գոնե ինչ-որ կերպ բարելավեն հարազատների կենսապայմանները:

«Ո՞ւմ են պետք այդ ընտրությունները: Ամեն տարի ընտրություններ են անցկացնում: Նրանք են և դերասանները, և հանդիսատեսը: Միայն տեսեք, թե քանի մարդ է գնացել ագիտացիոն արշավին: Մեր գյուղում 250 տուն կա: Սակայն  այդ հանդիպումներին 30 մարդ էլ չի հավաքվել: Հասարակ գյուղացուն ընտրությունները չեն հետաքրքրում: Անցյալ տարի էլ եկան, խոստումներ տվեցին և մոռացան կատարել դրանք», – ասում է Բարալեթի գյուղի բնակիչ Սարգիսը:

Շատ են խնդիրները նաև տեղի դպրոցներում: Բարալեթիի առաջին հանրային դպրոցն այն հաստատությունների թվին է պատկանում, որոնք փայտի վառարանով են տաքացվում: 3-հարկանի շենքի միայն առաջին հարկն է օգտագործվում դասապրոցեսի համար: Այդ դպրոցում  ավելի քան 80 աշակերտ է սովորում:

«Դասասենյակների հատվածում շատ ցուրտ է: Դպրոցը պետք է գազաֆիկացնել, սակայն մենք մեր ուժերով դա չենք կարող անել: Վերանորոգում էլ է պետք, մենք մարզադահլիճ չունենք, այդ պատճառով էլ տարբեր միջոցառումներ ստիպված ենք միջանցքում անցկացնել», – ասում է դպրոցի տնօրեն Լենա Զոպունյանը:

Այս տարի Բարալեթիում ճանապարհ են ասֆալտապատել, սակայն գյուղացիները բողոքում են, որ աշխատանքները լավ չեն կատարվել:

«Ճանապարհը սարքել են, սակայն այնքան վատ, որ տպավորություն է ստեղծվում, թե ծովի ալիքների վրայով ես քայլում: Հետիոտնի համար մայթ չկա, ոտքով չես անցնի, իսկ երեխաների դպրոց գնալը պարզապես վտանգավոր է: Մի խոսքով, մենք այնքան խնդիր ունենք, որ եթե սկսեմ թվել, ապա մինչև երեկո չեմ ավարտի», – ասում է տարեց Ռաֆիկը:

Վոլոդյա Բերեքյանն Աբուլի գյուղից բողոքում է ջրի և գազի խնդիրներից.

«Տեսնո՞ւմ եք Աբուլա լեռը: Միայն նա է լուռ կանգնած մեր խնդիրների առջև: Ես 4 տարեկան էի, գյուղում խմելու ջուր չկար, այսօր ես արդեն թոռներ ունեմ, սակայն խմելու ջուր այդպես էլ մինչև հիմա չկա: Նախորդ տարի եկան, 130 հազար լարի քամուն տվեցվին և մեկնեցին: Նրանք մտածում են, որ արել են իրենց գործը, խողովակաշար են անցկացրել, սակայն ջուր չկա: Այսպես էլ ապրում ենք: Գազ չունենք, ճանապարհներ չունենք, ձմռանը դրանք ընդհանրապես փակվում են: Մեր միակ նպատակը կենդանի մնալն է: Այլ տարբերակ չունենք: Սակայն որքա՞ն սա պետք է շարունակվի»:

Հոդվածն ամբողջական արտատպվել է jam-news կայքից:

Թողնել պատասխան