Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ «Ալիք մեդիան» շարունակում է ներկայացնել Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուներին։ Ստորեւ ներկայացնում ենք ընդդիմադիր «Լորտկիպանիձե, Կուկավա-Ազատ Վրաստան» դաշինքը ներկայացնող, քվեաթերթիկում 3-րդ համարի տակ հանդես եկող Կախա Կուկավային։
Հաջողակ իրավաբան Կախա Կուկավան ծնվել է 1976 թ. հուլիսի 12-ին Թբիլիսիում: 1998-ին ավարտել է Ի․ Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1997-1999թթ. աշխատել է Վրաստանի արդարադատության խորհրդում որպես խորհրդատու, հետագայում՝ որպես ոլորտի ղեկավար: 1999-2001թթ. աշխատել է Վրաստանի պետական պաշտպանության հատուկ ծառայությունում։ 2001 թվականից պետական ծառայությունից դուրս գալուց հետո` զբաղվել է իրավաբանական գործունեությամբ։
2004-ին «Ազգային շարժում» նախընտրական դաշինքի կողմից ընտրվել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, սակայն կարճ ժամանակ անց, որպես Միխեիլ Սաակաշվիլիի վարած քաղաքականությանը բողոքի նշան, լքել է խորհրդարանական մեծամասնությունը։ 2007 թ. աշնանն ընտրվել է «Ժողովրդավարական ճակատ» խմբակցության նախագահ:
Կուկավան խորհրդարանում հեղինակել է մի քանի օրենսդրական նախաձեռնություն, այդ թվում՝ «Վրաստանի ազատագրումը ԱՊՀ-ից», «Լյուստրացիայի մասին» և «1992-1993թթ. առաջին նախագահի հալածված աջակիցների իրավունքների վերականգնելու մասին» օրինագծերը, որոնցից վերջինը հաստատվել է խորհրդարանի կողմից։
2007-2009թթ. հանդիսացել է «Միասնական ընդդիմության» առաջնորդներից և Սաակաշվիլիի կառավարության դեմ բողոքի ցույցերի կազմակերպիչներից մեկը:
2010-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրվել է Թբիլիսիի սակրեբուլոյի անդամ։ 2010-ին իր կողմնակիցների հետ հիմնել է ձախակողմյան կողմնորոշմամբ` «Ազատ Վրաստան» քաղաքական կուսակցությունը։ 2011 թ-ին կուսակցության առաջին համագումարի ժամանակ ընտրվել է կուսակցության նախագահ։
Կուկավան 2012 թվականին մասնակցել է խորհրդարանական ընտրություններին, եղել է Թբիլիսիի Վակե թաղամասի պատգամավորի մեծամասնական թեկնածու, սակայն ստացել է ընտրողների ընդամենը 1.31% քվեն: Այնուհետև մասնակցել է 2013 թ. ապրիլի 27-ի միջանկյալ խորհրդարանական ընտրություններին Նաձալադևիի շրջանում, որտեղ զբաղեցրել է երկրորդ տեղը (17.26%)։
«Ազատ Վրաստան» և «Ժողովրդավարական շարժում» կուսակցություններն այս ընտրություններին միասնական թեկնածու են առաջադրել ու Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար այս դաշինքից պայքարելու է հենց Կախա Կուկավան: Օգոստոսի 21-ին «Ժողովրդավարական շարժում» կուսակցության ղեկավար Նինո Բուրջանաձեն Կուկավային պաշտոնապես ներայացրել է որպես քաղաքապետի թեկնածու: Բուրջանաձեն, ով աչքի է ընկնում ռուսամետ հայտարարություններով, ասել էր, թե` «միայն ընդդիմության միասնական թեկնածուն կարող է հաղթել իշխանությանը, կամ գոնե երկրորդ փուլ անցնել, իսկ երկրորդ փուլում հաղթելու իրական շանսեր կան»:
Կուկավայի նախընտրական ծրագիրը մի քանի բաժիմ ունի.
«Մենք ուսումնասիրել ենք, թե ինչի կարիք ունի Թբիլիսին: Բնականաբար, նվազեցնելու ենք բյուրոկրատական ծախսերը»,- հայտարարել է քաղաքապետի թեկնածուն:
Կուկավայի նախըտնրական ծրագրի համաձայն՝ քաղաքապետ ընտրվելու դեպքում անօթևան քաղաքացիների համար սոցիալական տուն է կառուցվելու և ավելանալու է բարեգործական ճաշարանների ֆինանսավորումը:
«Մեզ պետք է կառավարություն, որի ուշադրությունը սևեռված կլինի սեփական երկրի քաղաքացիների վրա։ 76 հազար այլազգիների բնակության թույլտվություն է տրվել վերջին երեք տարիների ընթացքում։ Սրանք անօրինական որոշումներ են, այս մարդիկ Վրաստանում անօրինական են ապրում։ Բավարար է դուրս գալ Մարջանիշվիլիի փողոց և կտեսնեք թե ինչ է կատարվում։ Արդարադատության նախարարությունն այդ վկայականները տրամադրելով հանցագործություն է գործել բնակչության նկատմամբ։ Մենք պատրաստվում ենք արգելել հիջաբ կրելը և օրենսդրական նախաձեռնությամբ դիմելու ենք խորհրդարանին»,- «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Կախա Կուկավան։
Հատկանշական է, որ օրեր առաջ Կուկավան շահեց շուրջ երկու տարի շարունակվող դատական գործը, ըստ որի՝ հայց էր ներկայացված 2016 թվականի հունվարին «Թբիլիսսերվիս» ընկերությունից ապօրինաբար աշխատանքից ազատված աշխատակիցների վերաբերյալ։ Աշխատանքից ազատելու պատճառ էր դարձել աշխատանքային պայմանների բարելավման նպատակով աշխատակիցների կազմակերպած բողոքի ակցիան։
Դատարանը բավարարել է աշխատանքից ազատված չորս քաղաքացու հայցը՝ նրանց աշխատանքից ազատելն անօրինական ճանաչելով։ Դատարանի որոշմամբ՝ տվյալ անձինք կանցնեն իրենց նախկին պարտականությունների կատարմանը և նրանց կվճարվի այս ամիսների ընթացքում կուտակված աշխատավարձի պարտքը, որը կազմում է՝ յուրաքանչյուրի համար 15 հազար 600 լարի։