Վրաստանի փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն Բելգիա կատարած այցի շրջանակներում հանդիպել է Բելգիայի փոխվարչապետ, Արտաքին գործերի և եվրոպական հարցերով պետնախարար Դիդիե Ռեյնդերսին:
Հանդիպման ավարտին կողմերը համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում դրական են գնահատել դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց ի վեր՝ անցած 25 տարիների ընթացքում ունեցած երկկողմ համագործակցությունը:
Ջանելիձեն շնորհակալություն է հայտնել Բելգիայի իշխանություններին՝ տարիներ շարունակ Վրաստանի՝ Եվրատլանտյան կառույցներում ինտեգրվելու, ինչպես նաև բարեփոխումներ իրականացնելու հարցում ցուցաբերած աջակցության համար:
Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները խոսել են նաև Բելգիայի գործարար պատվիրակության Վրաստան ծրագրված այցի մասին, որի շրջանակներում բելգիացի գործարարներն անձամբ կծանոթանան Վրաստանի ներդրումային պայմաններին ու հնարավորություններին:
«Վստահ ենք, որ Վրաստանը շատ հետաքրքիր նախագծեր կառաջարկի բելգիացի գործարարներին, ինչը շահավետ կլինի ոչ միայն Վրաստանի, այլ նաև Եվրոպայի համար»,- նշել է Ջանելիձեն: Տեղեկացնում է «news.ge»-ն: