Իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Վրաստանի Էներգետիկայի նախկին նախարար Կախա Կալաձեի ծննդավայր Սամտրեդիայում մի փոքրիկ «Հավլաբար» կա։
«Կալաձեն ասում է, որ Սամտրեդիայում հենց այդպես էլ անվանում են՝ փոքրիկ Հավլաբար։ Երկու փողոց կա այնտեղ, որ հայերի մայլա են անվանում»,- Հայաստանի հանրային ռադիոյի հետ զրույցում ներկայացնում է «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթը: Վերջինս նշում է, որ Կալաձեն հատուկ վերաբերմունք ունի հայերի նկատմամբ` նա 7 տարեկանում Սամտրեդիայում համտեսած հայկական տոլման մինչ օրս հիշում է։
«Ինձ տված հարցազրույցում Կալաձեն պատմեց, որ 7-8 տարեկանում հայրը Սամտրեդիայում տարել է ռեստորան, որտեղ շատ է հավանել հայկական տոլման։ Հայրը կանչել է խոհարար Ռազմիկ Ասատուրյանին, որը պատմել է, թե ինչպես է պատրաստել այն»,- ասում է Բայբուրթը։
Ալիք մեդիայի հետ զրույցում Սամտրեդիայում ապրող հայ խոհարար Ռազմիկ Ասատուրյանը պատմեց․«Հիշում եմ այդ երանելի օրերը, աշխատում էի ճաշարանում, մրցույթ էր կազմակերպվել, որին ես` որպես հայ խոհարար ներկայացրել էի հայկական տոլմա։ Կարծում եմ հավանեցին, դրանից հետո ես շատ առաջ գնացի, հիմա արդեն թոշակառու եմ»։ Ասատուրյանը երկար տարիներ աշխատել է քաղաքի մի շարք ճաշարաններում, բայց սա, թերեւս, միակ դեպքն էր, երբ իր բազմաթիվ հայրենակիցների ներկայացրեց հայկական ճաշատեսակը։
Արևմտյան Վրաստանի Իմերթիի շրջանի Սամտրեդիա քաղաքը մոտ 50 հազար բնակիչ ունի, որտեղ շուրջ 300 հայ ընտանիք կա։ Բայբուրթի խոսքով հայերը Սամտրեդիայում հաստատվել են 1940-ականներին, երբ հիմնականում Ջավախքի 4 գյուղերից մեկնել են Արևմտյան Վրաստան՝ թեյի գործարաններ, կայարաններ և այլ շինարարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով։
«Մենք կատակով փոքրիկ Հավլաբար ենք անվանում այդ հատվածը»,- Ալիքի հետ զրույցում ասաց Սամտրեդիայի Սակրեբուլոյի հայազգի անդամ Շալվա Արզումանյանը: «Սամտրեդիան սպորտային քաղաք է, մի շարք մարզաձևեր բավականին զարգացած են, սակայն ֆուտբոլն առաջին տեղում է, դե իսկ Կալաձեն էլ` մեր լավագույնն է»։
Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ու «Միլանի» նախկին պաշտպան Կախա Կալաձեն, քաղաքականություն մտավ 2011-ին` գործող նախագահ Սահակաշվիլիի քննադատությամբ, ինչի արդյունքում Սամտրեդիան դարձավ քաղաքական պայքարի կենտրոններից մեկը։ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը քաղաքում մեծ ներուժ կենտրոնացրեց։
«Այսօր էլ Սամտրեդիայում ուժեղ ընդդիմություն կա, սակայն, «Վրացական երազանք»-ի հաղթանակի շանսերն ավելի մեծ են»,- վստահեցնում է Արզումանյանը, ով Սակրեբուլոյի ընտրություններում իր թեկնածությունն արդեն երկրորդ անգամ է առաջադրել։