«Վրացական երազանք» կուսակցության Իսանիի ընտրատարածքի մեծամասնական թեկնածուն Իլիա Ջիշկարիանին է, ով ասում է, թե հարազատ շրջանի խնդիրներն անգիր գիտի:
2012-ից հետո պատգամավորության ընթացքում իր թիմի հետ միասին շատ բան են հասցրել անել, սակայն կիսատ թողած գործեր էլ շատ կան, ուստի խոստանում է ընտրողների վստահությունը ստանալուց հետո բնակչությանը հուզող խնդիրները տեղ հասցնել, ըստ առաջնահերթության գտնել դրանց լուծումները.
«Իհարկե, խնդիրները մինչ այսօր էլ շատ են, դրանք վթարային շինություններն են, գիտեք, Հավլաբարը հին թաղամաս է, այստեղ շատ տներ վթարային կարգավիճակ ունեն, կոյուղատար համակարգն է հնացած, մենք պետք է պահպանենք թաղամասի պատմական կարգավիճակը՝ միաժամանակ վերանորոգելով հարյուրամյա շինությունները: Մեր առաջնահերթություններից է հին շենքերի նորոգումն ու նորերի կառուցումը: Այս ամենն ահռելի աշխատանք է պահանջում»:
Ջիշկարիանին աննախադեպ է համարում Էլիա-Վազիսուբանի տարանցիկ ճանապարհի կառուցումը: Հաջողված ծրագրերից է համարում հիմնական ճանապարհների վերանորոգումը՝ մասնավորապես Էլիայի հիմնական փողոցների ասֆալտապատումը, Վազիսուբանիի, Թբիլիսյան ծովի հատվածում ավտոմոբիլային ճանապարհի կառուցումը: Վերջերս մեկնարկել է Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնի վթարային շենքի հիմնանորոգումը՝«Քարթու» հիմնադրամի ամբողջական ֆինանսավորմամբ:
Թեկնածուի նախաձեռնությամբ նաև վերակառուցվել է թիվ 103 հայ-վրացական դպրոցը: Իլիա Ջիշկարիանին եղել է քաղաքաշինության և տնտեսական հանձնաժողովների անդամ, մասնակցել այս ուղղությամբ բոլոր քննարկումներին, մի շարք առաջարկություններ ներկայացրել, օրինակ՝ հայտնի «Գինու վերելքը» հիմնանորոգվել է, գինետներ, խանութներ են բացվել, փողոցը դարձել է քաղաքի զբոսաշրջության կարևորագույն կենտրոն:
Թեկնածուն ընտրությունների նախաշեմին խոստանում է՝ հաղորդակցված լինել հարազատ շրջանի հետ, դառնալ բնակչության ձայնը քաղաքային խորհրդում: