Վրաց-ռուսական սահմանին ահաբեկչության մեջ մեղադրվող օտարերկրյա մի քաղաքացի է ձերբակալվել: Այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղվելով Հյուսիսային Օսիայի Դաշնային անվտանգության ծառայությանը:
Տարածված տեղեկությունների համաձայն՝ կասկածյալ կնոջը ձերբակալել են Վերին լարսի սահմանային անցակետում: Ռուսաստանի հատուկ ծառայությունները նրա ինքնությունը չեն հրապարակում:
Հայտարարությունում ասվում է, որ վերջինս կասկածվում է ահաբեկչական խմբավորումներում երիտասարդներին ներգրավվելու և Սիրիա ուղարկելու մեջ:
Ռուսաստանի անվտանգության ծառայության փոխանցմամբ՝ կասկածյալի ամուսինը ծայրահեղական իսլամի հետևորդ էր, որ մահացել է Մերձավոր Արևելքում՝ պատերազմի ժամանակ, ինչից հետո կինը դարձել է ջիհադի (պատերազմ՝ հանուն հավատի) հետևորդ:
Միևնույն տեղեկատվությամբ՝ կասկածյալը Թուրքիայի տարածքով Սիրիա է տեղափոխել տասնյակ մարդկանց, այդ թվում Ռուսաստանի քաղաքացիների: